«Տորթի մոմերը փչելիս երազանք պահեցի, որ կյանքում ոչ մեկ այսքան վատ ծնունդ չունենա»․ մանրամասներ Գևորգ Մկրտչյանի 22-ամյակի խնջույքից

Բոլոր նրանք, ովքեր ծնվել են գարնանը, բավականին տուժեցին այս տարի կարանտինային ռեժիմի պատճառով։
Միայնակ, առանց ընկերների, առանց հրավառության ու խնջույքի․ ահա, այսպիսին էին այս գարնան գրեթե բոլոր ծննդյան տոները, սակայն երգիչ Գևորգ Մկրտչյանի 22-ամյակը բացառություն էր։ Նրա ընկերները թույլ չտվեցին, որպեսզի այդ կարևոր օրը Գևորգի համար անցնի ձանձրալի և տխուր։
Showbiz.am կայքի հետ զրույցում Գևորգը կիսվել է 22-ամյակի կապակցությամբ կազմակերպած խնջույքի մանրամասներով։

«Տորթի մոմերը փչելիս երազանք պահեցի, որ կյանքում ոչ մեկ այսքան վատ ծնունդ չունենա։ Բայց ինձ թվում է՝ այս ծննդյանս օրն ավելի շատ կհիշեմ»,- կիսվում է Գևորգ Մկրտչյանը։

«Զգուշացրել էի, որ գիշերը 12-ին ոչ ոք չգա․ համարում եմ, որ գիշերը 12-ին անակնկալ անելն արդեն անհետաքրքիր է, որովհետև ամեն տարի ընկերներդ նույն կերպ գալիս են, և դա արդեն անակնկալ չի ստացվում։ Գիշերը ժամը 1-ից սկսեցի սովորել դիպլոմայինիս թեման․ ոչ մի կերպ չէի կարողանում ինձ տրամադրել, բայց ստիպված էի, քանի որ առավոտյան նախապաշտպանության էի»,- պատմում է Գևորգը։

Երգիչն այս տարի որոշել էր չնշել ծննդյան տոնը, սակայն ընկերները կարողացան համոզել նրան։ Մինչև Գևորգն ու ընկերները որոշեցին՝ որտեղ կարելի է նշել տարեդարձը, օրվա մեծ մասն անցավ։ Ի վերջո, ամենամտերիմներով գնացին Սևան։

 

«Ընկերներս ամեն կերպ փորձում էին ապահովել իմ լավ օրը։ Պետք է ունենայի սվորական օր, բայց նրանց շնորհիվ այն դարձավ շատ հետաքրքիր՝ ձախողումներով, մի փոքր նյարդայնացնող, բայց հետաքրքիր», – ժպիտով հիշում է երգիչը։

Իր սիրելիի՝ դերասանուհի Իրինա Այվազյանի ծննդյան տարեդարձին երգիչը մատուցեց այնպիսի անակնկալ, որի մասին երազում են շատ աղջիկներ․ Գևորգը երգ նվիրեց նրան, ինչը բավականին դժվար էր անել կարանտինային պայմաններում։ Սակայն թե ինչ է նվիրել իրեն Իրինան, Գևորգը չցանկացավ բացահայտել։

«Ինձ թվում էր՝ Իրինայի ծննդյան օրն էր, ոչ թե իմ, որովհետև նա ինձնից շատ ուրախացավ ու նաև ինձնից շատ նյարդայնացավ իմ ձախողումներով։ Իսկ թե ինչպես շնորհավորեց և ինչ նվիրեց, չեմ ցանկանա բարձրաձայնել»,-ասում է Մկրտչյանը։

 

Խոսելով նվերների մասին՝ Գևորգը խոստովանեց, որ դեռ չի ստացել առանձնահատուկ նվեր, որովհետև միշտ բոլորը նախընտրում են նվիրել գումար։

Գևորգը նաև խոստովանում է, որ մեծանալով ավելի նյարդային է դառնում։
«Ինչպես ասում են ընկերներս՝ միշտ մունաթով եմ խոսում իրենց հետ, չեն հասկանում, որ դա իմ խոսելու ձևն է, հիմա մունաթ է, թող լինի էլի»,- կատակում է նա՝ հավելելով, որ միևնույն է, բնավորությամբ չափազանց բարի է ու համբերատար, ինչը միշտ խանգարում իրեն։

Իսկ երազանքները Գևորգը միշտ դարձնում է նպատակ, բայց դրանց մասին լռում է, չի բարձրաձայնում, թե չէ չեն իրականանա։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան