«Աշխատանքը և ինքնավստահությունը հնարավոր են դարձնում ամեն բան»․ Գալ Գադոտը երիտասարդներին կոչ է արել վստահ լինել իրենց ուժերին

Իսրայելցի դերասանուհի և մոդել Գալ Գադոտը CNN-ի Class of 2020: In This Together հատուկ թողարկման շրջանակում հուզիչ ելույթով դիմել է ամերիկացի շրջանավարտներին, որոնք այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղյալ են հայտարարել ավարտական բոլոր միջոցառումները։

Իր ուղերձում Գալ Գադոտը հավաստիացրել է երիտասարդներին, որ «ամեն ինչ հնարավոր է», և կոչ է արել նրանց կյանքի կոչել իրենց երազանքները։

«Լինելով ուսուցչի և ինժեների զավակ՝ ես մեծացել եմ՝ շատ լավ հասկանալով կրթության արժեքն ու ուժը։ Եվ հիմա, երբ ձեր կյանքում դպրոցի տարիներն այլևս ավարտված են, այս փոքր-ինչ անորոշ աշխարհում ձեր հետագա քայլերը կարող են անհասկանալի լինել, և դուք կարող եք երբեմն անզոր զգալ»,- հայտնել է դերասանուհին՝ կոչ անելով «վստահ լինել իրենց ուժերի մեջ և դառնալ այնպիսի մարդ, որի հետ երջանիկ կարող են ապրել ամբողջ կյանքում»:

35-ամյա Գադոտը խոստովանել է, որ այդ ճանապարհը կարող է հեշտ չլինել որոշ մարդկանց համար, սակայն «աշխատանքը և ինքնավստահությունը» հնարավոր են դարձնում ամեն բան։

«Ցանկանում եմ ասել, որ դուք կարող եք։ Ամեն ինչ հնարավոր է, և այժմ ձեր ժամանակն է այս աշխարհում ձեր յուրահատուկ պատմությունը գրելու համար»,- ասել է նա։