Հայ ռեժիսորի ֆիլմը կներկայացվի «Պահպանել և Փրկել» միջազգային կինոփառատոնում

Հունիսի 1-ին «Պահպանել և Փրկել» միջազգային կինոփառատոնում տեղի կունենա հայ ռեժիսոր Մանեի՝ «Շապիտո» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Showbiz-ի  հետ զրույցում ռեժիսորը պատմեց իր ֆիլմի մանրամասների և ապագա ծրագրերի մասին։

««Շապիտո» -ն պատմում է ճանապարհի մասին: Կրկեսը ճանապարհ է, որը չի ավարտվում, և անհայտ է վերջը: Ընդհանրապես, ցանկացած արվեստ կարելի է ճանապարհ համարել և անգամ՝ ցանկացած մասնագիտություն: Սա ֆիլմ է մարդու մասին, ով չի կարող չզբաղվել արվեստով»,- նոր ֆիլմի մասին պատմում է ռեժիսորը՝ հավելելով, որ կրկեսի նկատմամբ իր անսահման սերը ծնվել է իր շատ սիրելի արտիստ Լեոնիդ Ենգիբարովի շնորհիվ։

Պատմելով ««Շապիտո» -ի մասին՝ ռեժիսորը նշում է, որ ֆիլմը վավերագրական է, իսկ ոգեշնչման աղբյուր նրա համար հանդիսացավ ավտոբուսում մի երեխայից լսած պատմությունը, ով իր հոր հետ խոսում էր փողոցից այն կողմ գտնվող կրկեսի մասին։

Մանեն խուսափում է  կանխատեսել, թե ինչ մրցանակի կարժանանա ֆիլմը, նրա համար մրցանակն ամենևին էլ առաջնահերթ չէ։
«Երբեք չեմ տրամադրվում, որ ամեն նոր ֆիլմ պետք է հաջողություններ բերի: Զերծ եմ մնում մրցանակների մասին մտածելուց, քանի որ դա նյութական ցանկություն է: Իհարկե, դա շատ մեծ դռներ է բացում, բայց պետք չէ նստել ու երազել հաղթանակների մասին: Այդ ժամանակ է հենց հաջողությունը գալիս: Նոր ֆիլմ ստեղծելիս՝ ես միայն վայելում եմ ընթացքը»,-խոստովանում է նա։

Հայ ռեժիսորը հայտնում է, որ ֆիլմն անպայման փառատոնային շրջագայություններից հետո կցուցադրվի նաև Հայաստանում, եթե համաճարակը չստիպի մոռանալ կինոթատրոն այցելելու մասին:

Անդրադառնալով ժամանակակից ֆիլմարվեստին՝ Մանեն նկատում է, որ Հայաստանում վավերագրական ֆիլմերն ավելի հաջող են ստացվում:
«Եթե վերլուծենք, կտեսնենք, որ տապալվում են հիմնականում այն ֆիլմերը, որոնք պատճենվում են այլազգի արտադրողներից: Ինձ թվում է՝ պիտի ներարկել սեփական ես-ն ու անկեղծությունը»։

Մանեն նաև խոտստովանում է, որ ռեժիսորի ողջ կյանքը կազմված է արտառոց ու հետաքրքիր դեպքերից։
«Եթե զբաղվում ես կինոյով, արտառոց դեպքերը ամեն օր են տեղի ունենում, և արդեն դա դառնում է ապրելակերպ: Ամեն օր տեսնում եմ դրվագներ, որոնք իրական կյանքն են, և միաժամանակ ֆիլմ կարող են լինել: Իմ հետաքրքրությունը մարդն է»,- կիսվում է նա։

Հիշեցնենք, որ ռեժիսորի նախորդ ֆիլմը՝ «Ճայը», իր փառատոնային ճանապարհորդությունը դեռևս անցած տարվանից է սկսել և հասցրել է արժանանալ «Պահպանել և Փրկել» միջազգային կինոփառատոնում Գրան Պրիի։
«ֆիլմը բնապահպանական գաղափար ունի, և փառատոնը հենց նման ֆիլմերն է ներկայացնում: Այդպիսով, օգտակար ես զգում քեզ, որ բնության պահպանման համար կարելի է նաև ֆիլմով փոքր աջակցություն ցուցաբերել», ասում է Մանեն։

Իր խոսքը հայ ռեժիսորը եզրափակում է՝ պատմելով ապագա ծրագրերի մասին․ «Վերջերս Բելառուսի նախագահական թերթում տպագրվեց իմ նովել-հուշերը՝ նվիրված Մինսկ քաղաքին: Մինսկում կինոփառատոնների ժամանակ գրի առած նոթերս պատմում են քաղաքի, տպավորությունների, կինոաշխարհի մասին: Կարծում եմ հայերեն տարբերակները կկարողանամ շուտով հրապարակել:

Նոր ֆիլմի մտքերը կան, սակայն դեռևս, որպես կանոն, մի քիչ գաղտնի կպահեմ, որպեսզի կարողանամ ստեղծագործել»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան