Շառլ Ազնավուրի դերակատարությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը հայտնվել է Թուրքիայում արգելված ֆիլմերի առաջին հնգյակում

Թուրքական Sondakika.com կայքը հրապարակել է ֆիլմերի ցուցակ, որոնք արգելված է ցուցադրել Թուրքիայում, սակայն մարդիկ դրանք դիտում են համացանցի կամ հատուկ մասնավոր հեռուստաալիքների միջոցով:

Այս ֆիլմերի հնգյակում է հայտնվել նաև կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը: Հայոց ցեղասպանության մասին պատմող, 2002 թվականին նկարահանված ֆիլմում գլխավոր դերերից մեկը խաղացել է Շառլ Ազնավուրը: Այն ցուցադրվել է Թուրքիայի մասնավոր հեռուստաալիքներից մեկով, 2006 թվականին:

Թուրքիայում արգելված ֆիլմերի այս ցանկում են ներառվել նաև 1978 թվականին նկարահանված Ալան Պարկերի «Կեսգիշերային էքսպրես», 2013 թվականին նկարահանված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին», 1962 թվականին նկարահանված Դևիդ Լինի «Լոուրենս Արաբացի» և 1963 թվականին նկարահանված Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկա» ֆիլմերը։