Ջեյսոն Մոմոան և Պիտեր Դինքլեյջը գլխավոր դերերով հանդես կգան վամպիրների մասին պատմող արկածային մարտաֆիլմում

Ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղեր Ջեյսոն Մոմոան և Պիտեր Դինքլեյջը գլխավոր դերերով հանդես կգան «Լավ, վատ, անկենդան» (Good Bad & Undead) վամպիրների մասին պատմող արկածային մարտաֆիլմում, գրում է Holywood Reporter-ը։

Հաղորդվում է, որ գրեթե ավարտին է մոտեցել դերասանների և Legendary ստուդիայի բանակցությունները․ դերասանները ծրագրում են ոչ միայն նկարահանվել ֆիլմում, այլև ստանձնել պրոդյուսերի գործառույթները: Ֆիլմի ռեժիսորը կլինի Մաքս Բարբակովը․ ֆիլմը հիմնված է Մարկ Սվիֆթի և Դամիան Շենոնի օրիգինալ սցենարի վրա։

Սյուժեի կենտրոնում Վան Հելսինգն է (Դինքլեյջ)՝ վամպիրների որսորդների լեգենդար ընտանիքի վերջին ներկայացուցիչը, որը գործարք է կնքում վամպիրի հետ (Մոմոա)։

2020 թվականի դեկտեմբերի 17-ին հանդիսատեսը Մոմոային կտեսնի «Դյունա» ֆանտաստիկ ֆիլմում: Դինքլեյջը վերջերս հնչյունավորել է The Croods 2 մուլտֆիլմի հերոսին և պատրաստվում է նկարահանվել ևս մի քանի նախագծերում։