«Նվիրվում է աշխարհի բոլոր Հայրերին, որոնց դուստրերը օրհնված են իրենցով»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հայրիկի հետ արխիվային լուսանկարով ու դրան կից կիսվել հոր մասին հուշերով ու կարոտով։

«Իմ կանքի մեծագույն սերը Հայրս էր: Այդպես էլ կմնա: Նրա բացակայությունը մեզ միայն ավելի մոտեցրեց, որովհետև իսկական սերն այդպիսին է:Մայրերին սիրում են բոլորը, հայրերին` դուստրերը: Ես ինչքա՞ն օրհնված էի, որ Աստված ինձ ողորմաց` հենց իմ ընտանիքն ինձ պարգևելով: Ես որքա՞ն օրհնված էի, որ այսպիսի հայր ունեի: Ընդհանրապես հենց գենետիկան,« ինչպիսին» լինելն է որոշում մեր ով կամ ինչ լինելը. գենը, արյունը և ընտանիքը: Անգամ մեր դիմագծերն են նույնը: Ես իմ հոր աղջիկն եմ, հորս կտորը) նրա արքայադուստրն էի ու իր ամենասիրելի փոքրը( մանկուց էդպես էի որոշել, նույնիսկ, եթե էդպես չէր)… Իմ ձևավորման ու ինքնաբավության յուրաքանչյուր կնճիռ հարթվել է հորս սիրո շնորհիվ,անվերապահ վստահության ու անհատնում հոգատարության շնորհիվ: Իմ բոլոր պատմություններում ես չեմ, այլ նա: Դուստրերին հայրերն են ձևավորում, թևեր ու երազանքներ Հայրերն են տալիս, ու հայրերն էլ կարող են կոտրել…Երբ փոքր էի,հարցրին,-մեծանաս` ի՞նչ ես դառնալու: Ասացի` Հարս, ու ամուսանալու եմ հորս հետ)…շատ էր սերս) Մորս պաշտում եմ.որքան խաղաղ էր իր սիրո մեջ մեր նկատմամբ ու անխանդ` մեր, հայրիկիս ու իմ սիրո նկատմամբ։ Շատ եմ ցավում այն աղջիկների համար, որոնք չեն ունեցել երջանկություն` սիրող հայր ունենալու, որովհետև հաճախ տան բազմոցին դարերով գամված-նստած տղամարդիկ ինչպես ասես կարող են կոչվել` բացի հայր լինելուց: Պարապ ու անգործ, կեղծ «ուժեղ» ու սուտ «հզոր» իրենց ներկայությամբ շատ դեպքերում չեն էլ նկատում իրենց տան լույսի տարածողներին, իսկ դուստրերը շողուն լույսեր են: Հորս օրինակով տեսածս տղամարդը գրեթե կատարյալ էր… գրեթե։ Փողոցից մի շուն էին վերցրել ու պահում էին` միակ աղջիկ թոռան հետ): Մի օր չարաճճիորեն հարցրի,- Պապ, դու վերջը աղջկասե՞ր ես, թե ուղղակի, որ էդպես էլ տղա չունեցար, ստիպված համակերպվեցիր: Ասաց,- մատաղ, չե՞ս տեսնում ես ձեզ ոնց եմ սիրում, լսի՛ր, ախր նույնիսկ իմ շունն է էգ …մի լավ ծիծաղեցինք ասածի վրա… Լեդին` շունը, կա մինչև հիմա, հավատարիմ ու տխուր աչքերով սպասում է հայրիկիս վերադարձին, իսկ նա չկա… Շունը կա, իսկ հայրս…
Լեդի…Արիստոկրատ` արյամբ, ծագումով ու ապրելակերպով Հա՛յրս իհարկե իր շան անունը պիտի Լեդի դներ: Չէի զարմանա, եթե մի օր տեսնեի` ինչպես է Լեդին լվացվում ուտելուց հետո և իր ափսեն տեղը դնում: Հայրս այդպիսին էր, կոկիկ, հույժ մաքրակենցաղ ու մեղմախոս` չեմ հիշում, որ գոռար: Ծխախոտի թափթփված մոխի՞ր կամ խմած սուրճի անլվա բաժա՞կ… անհնարին էր: Խոսքով էր շփվում կենդանիների հետ, նրանք էլ լսում էին ու հասկանում, ինչին կպչում էր` ծաղկում էր… իր անթիվ-անհամար ծաղիկները ջրում ու հետները խոսում էր… Մեզ էլ իր կյանքի ծաղիկների պես «ջրում» էր ու խնամում, ծաղկացնում էր իր անհատնում սիրով: Մարդ ի՞նչքան պիտի կյանքը սիրեր, որ իր այգում` խոտհնձիչը ձեռքին, մի ակնթարթում հանգչեր սրտի վայրկենական կանգից… Իր կյանքի այգին, շունը` նրան սպասող, ծառերը, որոնք շարունակում են աճել ու ապրել, որովհետև Հայրս այդպես էր դրել: Ու մենք… փոքրիկ երեք աղջիկ, որ ծառերի մեջ ամեն անգամ նրան ենք փորձում գտնել… Թող մեր արած ամեն մի լավ գործ, բարություն կամ տնկած ծաղիկ հավերժ վառ պահի նրա լուսավոր հիշատակը: Նվիրվում է աշխարհի բոլոր Հայրերին, որոնց դուստրերը օրհնված են իրենցով: Մայիս.24.2019։ Մայիս.24.2020։ Նազենի…»,- գրել է դերասանուհին։