«Հարրի Փոթերի»-ի հեղինակը բացահայտել է, թե որտեղ է ծագել հրաշագործ տղայի մասին պատմությունների շարք գրելու գաղափարը (լուսանկարներ)

Տարիներ շարունակ «Հարրի Փոթերի» երկրպագուները վստահ են եղել, որ հրաշագործ տղայի մասին պատմությունների շարքը Ջոան Ռոուլինգը սկսել է գրել Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում, սակայն հեղինակն, ի հիասթափություն շատ երկրպագուների, բացահայտել է, որ «Հարրի Փոթերն» իրականում Լոնդոնում է սկսել գրել, գրում է CNN-ը։

«Ես սենյակ էի վարձել այն ժամանակ սպորտային խանութի վերնահարկում։ Հոգվարթսի առաջին աղյուսները դրվել են Քլեփհեմ Ջանկշնի բնակարանում»,- գրել է Ռոուլինգը Թվիթերում՝ տեղադրելով Լոնդոնի Քլեփհեմ Ջանկշնը քաղաքային շրջանում գտնվող այն շինության լուսանկարը, որտեղ առաջին անգամ սկսել է գրել Հարի Փոթերի մասին պատմությունները։

Հայտնի գրողը որոշել է բացահայտել ճշմարտությունը, երբ երկրպագուներից մեկը Թվիթերում հրապարակել է Էդինբուրգի Elephant House սրճարանի լուսանկարը՝ գրելով, որ այն «հայտնի է որպես ոգեշնչման վայր այնպիսի գրողների համար, ինչպիսիք են՝ Ջոան Ռոուլինգը, որը Հարրի Փոթերի մասին գրքերի շարքը սկսել է գրել Էդինբուրգի ամրոցին նայող սենյակում»։

Ռոուլինգը բացահայտել է, որ գրքաշարի մասին գաղափարը ծնվել է գնացով երթևեկելիս։

«Հարրի Փոթերի ծննդյան վայրը որպես այդպիսին՝ Մանչեսթր-Լոնդոն գնացքն էր, որտեղ ծնվեց նախնական գաղափարը»,- գրել է Ռոուլինգն իր թվիթերյան էջում:

«Բայց ինձ միշտ զվարճացնում էր այն խոսակցությունները, որ Հոգվարթսը ոգեշնչված է իմ տեսած կամ այցելած գեղեցիկ վայրերից, բայց դա հեռու է ճշմարտությունից»,- հավելել է գրողը։