«Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես այսքան զայրացած չեմ եղել»․Նարեկ Հախնազարյան (տեսանյութ)

Հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Բարև ձեզ, հայեր։ Սովորաբար ես իմ վիդեոները սկսում եմ «բարև Ձեզ, սիրելի հայրենակիցներ» խոսքերով, բայց հիմա, ճիշտն ասած, ոչ մի ցանկություն չունեմ այդ բառերն ասելու։ Որովհետև իմ ամբողջ կյանքի ընթացքում ես այսքան զայրացած չեմ եղել և ամոթի զգացում իմ ազգի համար չեմ զգացել։ Այնպիսի ամոթ, որը ես զգացի այս վերջին երկու ամիսների ընթացքում, երբ ես դուրս եկա կարանտինից և ուղղակի տեսա, վկա եղա նրան, թե ինչպես է Հայաստանը, հայ ժողովուրդը վերաբերվում կորոնավիրուսին»,- իր խոսքը սկսել է երաժիշտը։
Երաժիշտը նշել է, որ ամեն օր դառնում է քաղաքացիների մեծ մասի անխելքության և անգիտակցության վկան ու գտնում է, որ արդեն ուշ է ինչ-որ մեկին ինչ-որ բան հորդորել, բայց նա, միևնույն է, ցանկանում է փորձել։
«450 մարդ օրեկան Հայաստանում կատաստրոֆա է»,- ասել է նա՝ լրջության կոչ անելով։

Նշենք, որ ավելի վաղ աշխարհահռչակ երաժիշտը մեկուսացած էր Երևանի հյուրանոցներից մեկում, որտեղ նա նվագել էր բժիշկների համար։ Նա իր երախտագիտությունն էր հայտնել` կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին։ Տեսանյութը հրապարակել էր ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջում։
Երաժիշտը նվագել էր Կոմիտասի «Ծիրանի ծառ» ստեղծագործությունը և այն նվիրել հյուրանոցի բուժանձնակազմին։ Նրա երախտագիտության «համերգին» ներկա էր գտնվել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։