Իլոն Մասկը և նրա ընկերուհին, Կալիֆոռնիայում գործող օրենքի պահանջի համաձայն, փոխել են իրենց երեխայի անունը

Ամերիկացի գործարար, Space X և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և նրա նորածին երեխայի մայրը՝ Գրայմս բեմական անունով հայտնի կանադացի երգչուհի Քլեր Բուշեն, փոխել են իրենց որդու անունը, գրում է Daily Mail-ը:

Մի քանի շաբաթ առաջ ծնված տղային զույգն անվանակոչել էր X Æ A-12։ Սակայն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի օրենքներով անվան մեջ չի թույլատրվում օգտագործել արաբական թվեր։

Միլիարդատերն ու երգչուհին փոքր-ինչ փոփոխել են երեխայի անունը՝ իրենց առաջնեկին տալով X Æ A-Xii անունը:

Գրայմսը երկրպագուներին բացատրել է, որ անվան վերջին մասը նույն 12-ն է, պարզապես գրված է հռոմեական թվերով։

«Հռոմեական թվեր։ Այսպես ավելի լավ է»,- հայտարարել է երգչուհին։

Երեխան լույս աշխարհ է եկել մայիսի 4-ին։ Զույգը երեխային XÆ A-12 էր անվանակոչել։ Ավելի վաղ 32-ամյա Գրայմսը, բացատրելով երեխայի անունը, նշել էր, որ X-ը մաթեմատիկական անհայտ մեծությունն է խորհրդանշում։ Æ-ն էլֆյան գրելաձևով արհեստական բանականություն (AI-artificial intelligence) կամ սեր է նշանակում, A-12-ն ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է։ Նա հավելել էր, որ անվան վերջին տառը խորհրդանշում է իր սիրելի Archangel երգը, որի հեղինակին վերջինս չի նշել։