Ժերար Դեպարդյեն ՌԴ-ում համավարակից տուժած անձ է ճանաչվել և կարող է պետական աջակցություն ստանալ

Ռուսաստանում որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն  կորոնավիրուսի համավարակից տուժած է ճանաչվել, ինչի արդյունքում պետական աջակցության է հավակնում: Այս մասին հայտնել է դերասանի իրավաբան Յուրի Մոսմանը, գրում է Regnum-ը։

Դերասանի իրավաբանը նշել է, որ ֆրանսիացուն, ինչպես և մյուս անհատ ձեռնարկատերերին, թույլատրված է օգտվել հարկային տարկետումից, բայց նա կհրաժարվի, քանի որ նախապես վճարել է հարկերը։

«Եկամուտ ստանալու դեպքում մենք անմիջապես պահուստավորում ենք հարկերի մի մասը, այնպես որ ինչո՞ւ սպասել, եթե կարող է անմիջապես վճարել»,- հայտնել է Մոսմանը։

Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն ռուսական անձնագիր ստացել է 2013 թվականին՝ պահպանելով Ֆրանսիայի քաղաքացիությունը: Փաստաթուղթը նրան անձամբ հանձնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դերասանին քաղաքացիություն տրամադրելու մասին որոշումը կայացվել է «ռուսական մշակույթում և կինեմատոգրաֆում ունեցած նշանակալի ավանդի համար»: