Իվանկա Թրամփը երեխաների հետ Dragon տիեզերանավի արձակումը դիտելու է գնացել պաշտպանիչ դիմակներով (լուսանկարներ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստերը՝ Իվանկա Թրամփին, դստեր՝ Արաբելայի և որդու՝ Ջոզեֆի հետ միասին Ֆլորիդայում ամերիկացի գործարար Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության Dragon տիեզերանավի արձակման միջոցառմանը գնալիս են ֆիքսել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Իվանկա Թրամփին երեխաների հետ միասին Վաշինգտոնում գտնվող իրենց տունը լքելիս առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում են նկատել։

38-ամյա մայրը դեղին ծաղկային նախշերով սպիտակ զգեստը համադրել է նույն երանգներով ու նախշերով պաշտպանիչ դիմակի հետ։ Հրապարակված լուսանկարներից երևում է, որ իրենց հագուստի հետ համադրելի դիմակներ են կրում նաև երեխաները։

Նշենք, որ ամերիկյան SpaceX ընկերությանը պատկանող մասնավոր Dragon տիեզերանավի պատմական արձակումը հետաձգվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով. արձակման երկրորդ փորձը տեղի է ունենալու մայիսի 30-ին։

Սպասվող արձակումը պատմական է որակվել, քանի որ դա պետք է լիներ առաջին դեպքը, երբ ամերիկացի տիեզերագնացները դեպի Միջազգային տիեզերակայան էին թռչելու ԱՄՆ տարածքից: