«Քեզ հարազատ մարդկանց պետք է անընդհատ ասես, որ սիրում ես»․ Եվա Զոհրաբյանի անկեղծ զրույցը

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը, ինչպես շատ դերասաններ, ստիպված եղավ այս ընթացքում հրաժարվել ոչ միայն իր կյանքի բնականոն ռիթմից, այլև նոր նախագծերից։ Եվան նկարահանվել է շատ հեռուստասերիալներում ու հումորային սիթքոմներում, բայց չի պատրաստվում սահմանափակվել ինչ-որ կոնկրետ ժանրով։ Այս ու այլ շատ հետաքրքիր թեմաների՝ երազանքների, ինքնամեկուսացման դրական կողմերի մասին դերասանուհին պատմել է Showbiz.am-ի հետ զրույցի ընթացքում և իր նոր ֆոտոշարքի դեռ չհրապարակված լուսանկարներով կիսվել մեր ընթերցողների հետ։

Կարանտինային առօրյայի մասին․ «Կարանտինային օրերը փորձեցի հնարավորինս արդյունավետ օգտագործել։ Ի սկզբանե գրաֆիկ էի կազմել, ըստ որի պետք է առաջնորդվեի ամեն օր ու այնպես, որ իմ մինչկարանտինյան օրերից չտարբերվեր։ Մինչ այս առավոտյան մարզանքներին ուշադրություն չէի դարձնում, բայց այս օրերին առավոտներս սկսվում էին մարզվելով։ Մինչ այս երբեք խոհանոցում չէի լինում, բայց այս օրերին հասկացա, որ և՛ կարողանում եմ համեղ ուտելիքներ պատրաստել, և՛ սիրում եմ պատրաստելու գործընթացը ։ Մասնագիտությունս աչքաթող չանելու համար փնտրեցի նոր ռեժիսորների, դիտեցի իրենց ֆիլմերը, գրքեր կարդացի»։

Ինքնամեկուսացման դրական հոգեբանական ազդեցության մասին․ «Եթե անկեղծ լինեմ՝ ներսումս էլ որոշ փոփոխություններ տեղի ունեցան այս օրերին։ Միշտ փորձել եմ ինքս ինձ հետ զրուցել, ինձ հուզող հարցերի պատասխանները ստանալ, բայց այս օրերին մի տեսակ այլ կերպ էին ընթանում իմ ու ներսիս զրույցները։ Ես փորձում էի պատասխանել այն հարցերին, որոնց պատասխաններն առաջ չէի կարողանում գտնել կամ պարզապես ժամանակ չունեի։ Հանգստության, ներդաշնակության շնորհիվ կարողացա հոգուս դարակները դասավորել։ Ի վերջո, ևս մեկ անգամ համոզվեցի, որ պետք է գնահատես այն, ինչ ունես ու քեզ հարազատ մարդկանց պետք է անընդհատ ասես, որ սիրում ես»։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկված նախագծերի մասին․ «Ունեցել եմ տարբեր առաջարկներ, բայց իրավիճակով պայմանավորված՝ հրաժարվել եմ մասնակցություն ունենալ այդ նախագծերում։ Առողջությունն ամեն ինչից վեր է՝ հատկապես այս դժվար ու բարդ ժամանակներում»։

Մասնագիտական երազանքների մասին․ «Չկա մի կերպար կամ մի ժանր, որը կառանձնացնեմ, քանի որ եթե դերասան ես, պիտի պատրաստ լինես ցանկացած կերպար մարմնավորելու, եթե իհարկե այդ կերպարը քո ներքին սկզբունքներին դեմ չէ։ Կցանկանամ խաղալ մեյնսթրիմից մինչև արթ հաուս, պատմականից մինչև սարսափ ֆիլմերում։ Դերասանի համար կարևոր է աշխատել այնպիսի ռեժիսորի հետ, ով կբացահայտի իրեն ու կօգնի ամբողջացնել կերտվող կերպարը։ Իմ երազանքներից մեկն էլ դա է։ Դերասանական արվեստը ընդգրկուն է. ֆիլմերում, ներկայացումներում մենք կերտում ենք տարբեր մասնագիտությունների տեր անձանց կերպարներ, իսկ ես ուզում եմ ինձ տեսնել գրեթե բոլորի հոգիներով»։

Ճիշտ կայացրած որոշման մասին․ «Փոքրուց երազել եմ տարբեր մասնագիտություններ ունենալ, բայց քանի որ դա անհնար էր, որոշեցի ընտրել այնպիսի մասնագիտություն, որն իր մեջ կներառի ամեն ինչ։ Արդեն հայտնվելով Թատերական ինստիտուտում՝ հասկացա, որ իսկապես ճիշտ որոշում եմ կայացրել, և որ մարդն իր ամեն ինչով ինձ հետաքրքում է»։

Կարիերայի ու դրա խոչընդոտների մասին․ «Երբեք չեմ մտածել, որ որևէ բան ինձ կկարողանա ստիպել որոշ ժամանակով հրաժարվել կարիերայից։ Այն ամենը, ինչը ստիպի ինձ հրաժարվել կարիերայից, ես ուղղակի ինձնից կհեռացնեմ։ Ինձ դուր է գալիս մարդուն բոլոր կողմերից ճանաչելու հնարավորությունը ու այն ազատությունը, որը նախապատրաստում է թռիչքի»։

Դերասանուհու կարիերան տարիներ անց․ «Կոելիոն ասում է՝ եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է դրա իրականացմանը։ Ուզում եմ՝ լուսավոր լինի ու հուսում եմ՝ տիեզերքը կնպաստի»։

Երազանքների մասին․ «Երազում եմ, որ նախ էս վիճակը շուտ ավարտվի, և որ միշտ խաղաղություն լինի։ Իսկ մասնագիտական ու ընտանեկան երազանքներս չեմ բարձրաձայնի»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան