9 տարի անց․ ինչպիսի՞ն է հիմա Դալիթան և ի՞նչ փոփոխություններ են եղել նրա կյանքում

Հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Showbiz.am կայքը սիրով և ջերմորեն շնորհավորում է բոլոր երեխաներին՝ մաղթելով նրանց անամպ մանկություն և ժպիտներ։ Շատ փոքրիկներ դեռ մանկուց սկսում են աշխատել՝ փորձելով հարթել իրենց ճանապարհն ու հասնել գլխավոր երազանքին։ Մեր աչքի առջև մեծանալով բազմաթիվ փոքրիկ հայտնիներ այսօր արդեն հասուն կանայք ու տղամարդիկ են, ովքեր կարողացել են հասնել իրենց նպատակներին ու շարունակում են ուրախացնել երկրպագուներին նոր ձեռքբերումներով ու ստեղծագործական անակնկալներով։
Երգչուհի Դալիթան, ով 2011 թվականին հայտնի դարձավ շատերին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում իր մասնակցությունից հետո, այժմ զբաղվում է ոչ միայն երգով, այլ նաև հանդես է գալիս տարբեր սերիալներում և սիթքոմներում։ Showbiz.am կայքի հետ զրույցում Դալիթան հիշում է իր առաջին քայլերը,
դասընկերների վերաբերմունքն ու պատմում է նոր ծրագրերի մասին։

Ե՞րբ եմ առաջին անգամ դուրս եկել բեմ․

Առաջին մրցութային ելույթս եղել է գեղեցկության և տաղանդի մրցույթներից մեկում, որտեղ հաղթեցի գլխավոր մրցանակը, 5 տարեկան էի և բնականաբար, շատ հուզված, իսկ երգարվեստի ասպարեզում առաջին մրցութային ելույթս եղել է 7 տարեկանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի ժամանակ, որտեղ դարձա դափնեկիր։

Ինչպե՞ս ազդեց հայտնիությունն ինձ վրա․

Անկեղծ ասած, շատ փոքր տարիքից եմ սկսել հայտնվել տեսախցիկների առաջ և լինել հանդիսատեսի ուշադրության կենտրոնում, հանդես եմ եկել տարբեր ոլորտների բեմերում, այդ իսկ պատճառով երբեք այդ տարիքում չեմ զգացել որևէ դժվարություն կամ հոգեբանական ճնշում, հակառակը՝ այդ ամենը շատ հաճելի է եղել ինձ համար։
Մեծանալով միշտ էլ զգացել եմ այդ ուշադրությունը՝ դպրոցում, քոլեջում, համալսարանում, փողոցում, բակում, խանութներում, մի խոսքով ամենուրեք, որտեղ միշտ սիրով եմ շփվել երկրպագուներիս հետ։

Ինչպե՞ս էի վերաբերվում այդ հայտնիությանը․

Պետք է անկեղծ լինեմ և խոստովանեմ, որ այդ ուշադրությունից անհարմար եմ զգացել ավելի շատ ուտելու ընթացքում՝ ճաշարաններում կամ ռեստորաններում։ Իմ բոլոր հաջողություններով հանդերձ, փառք Աստծո, երբեք չեմ տառապել աստղային հիվանդությամբ, շնորհակալ եմ ընտանիքիս, որ սովորեցրել են՝ ինձ երբեք բարձր չդասել որևէ մեկից, երբեք որևէ մեկի հետ չհամեմատվել և չմրցակցել։ Միակ անձը, որի հետ ես կհամեմատեմ ինձ, դա կլինեմ ես՝ երեկ։

Ի՞նչ դժվարություններ եմ հաղթահարել․

Կարիերայիս ընթացքում երբեք չեմ ունեցել որևէ մտավախություն․ միգուցե եղել են մարդիկ, որ փորձել են դռներ փակել, առաջնորդվելով ծանոթ-բարեկամ սկզբունքով կամ որևէ ֆինանսական ակնկալիքով, բայց ես միշտ հավատացել եմ երազանքներիս, ամենակարևորը հավատացել եմ ուժերիս ու կարողացել եմ աշխատասիրությամբ, իմ ջանքերով և լավ մարդկանց ու մասնագետների շնորհիվ հասնել հաջողության։
Ցանկացած դերասանի կամ երգչի համար դժվար է անընդհատ լինել էկրաններին և պահպանել ռեյտինգը, դա պահանջում է մեծ ջանքեր, նաև ֆինանսական ներդրումներ։

Ինչպե՞ս ազդեց ինձ վրա ստեղծագործական դադարս․

Միգուցե այս վերջին 2 տարիների ընթացքում, ուսման՝ դասերի և քննությունների ծանրաբեռնվածության պատճառով, պասիվ ստեղծագործական գործունեություն եմ ունեցել, սակայն երբեք ուշադրության պակաս չեմ ունեցել իմ սիրելի հետևորդների և երկրպագուների կողմից, թեկուզ սոցիալական ցանցերում ստացել եմ այնքան սեր, ջերմություն և գեղեցիկ խոսքեր, որ իմացել եմ՝ իրենք սպասում են իմ նոր երգերին կամ ֆիլմերին, որոնց համար անչափ ուրախ եմ և շնորհակալ։

Ինչպե՞ս էին վերաբերվում ինձ դպրոցում․

Միանշանակ, դպրոցում էլ եմ եղել ուշադրության կենտրոնում, բայց դաստիրակությունս երբեք թույլ չի տվել օգտվել առիթից։ Միակ թերությունս այն էր, որ հարգելի պատճառներով շատ էի բացակայում դասերից, հատկապես Եվրատեսիլի օրերին, երբ անընդհատ փորձերի էի գնում և տարբեր հաղորդումների հյուր էի։ Սակայն տնօրինությունը և ուսուցիչներս միշտ ըմբռնումով են մոտեցել այդ հարցին և ընդառաջել են ինձ, իսկ ես էլ անպայման լրացնում էի բացթողումներս, անհատական պարապմունքներ էի վերցնում և պատրաստվում դասերին։
Տեսահոլովակներիցս մեկը՝ «Դեպի նոր մի կյանք» երգի հիման վրա, նկարահանվել է դպրոցում և աշակերտների մասնակցությամբ, սիրով եմ հիշում այդ օրը, որը հրաշալի անցավ։

Դասընկերներիս ու տնօրենիս կազմակերպած անակնկալը եվրատեսիլյան օրերին․

Եվրատեսիլի ժամանակ լավ ու զվարճալի օրեր էին։ Մեր տնօրենը դպրոցում մեծ միջոցառում էր կազմակերպել այդ կապակցությամբ, որից հետո Եվրատեսիլի համերգին՝ Մարզահամերգային Համալիրի մեծ դահլիճում, ներկա էին ամբողջ դպրոցը և դասընկերներս, ովքեր սատարում էին ինձ։

Որոշեցի շարունակել կրթությունս այլ մասնագիտությամբ․

Կարևորելով բարձրագույն կրթությունը՝ որպես մասնագիտություն ընտրել եմ նաև համակարգչային գիտություն և ճարտարագիտությունը։ Ամերիկյան համալսարանում ավարտեցի տվյալ ֆակուլտետը և մտադրված եմ ուսումս շարունակել մագիստրատուրայում։ Ես միշտ կփորձեմ հնարավորինս համատեղել երկու մասնագիտություններն էլ, քանի որ արվեստը իմ կյանքի և իմ հոգու անբաժան մասն է։

Իմ ապագա ծրագրերը․

Նկարահանվել եմ հայ-ամերիկյան սերիալում, որի առաջին սեզոնը պատրաստ է և կցուցադրվի ԱՄՆ-ում և տարբեր միջազգային հարթակներում՝  Apple TV, Roku և Popstar։
Ցավոք, առայժմ նկարահանումները հետաձգվել են կարանտինի հետևանքով։

Իմ խորհուրդը բոլոր հայտնի փոքրիկներին․

Այն երեխաներին, ովքեր նոր են սկսում իրենց կարիերան, խորհուրդ կտամ՝ ինչ դժվարություններ էլ որ լինեն, երբեք չհիասթափվել, երբեք չդադարել երազել և իրենց աշխատասիրությամբ, իհարկե, մեծերի, ոլորտի մասնագետների խորհուրդներով, օգնությամբ իրականացնել իրենց նպատակները։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան