Իրինա Այվազյանը խոստովանում է, թե ինչու կարանտինի ընթացքում մի քանի անգամ դիմեց կտրուկ ոճափոխության

Դերասանուհի Իրինա Այվազյանը հանդես է եկել գեղեցիկ ֆոտոշարքով, որն առաջինը տրամադրել է Showbiz.am կայքին։ Մեզ հետ զրույցում Իրինան նշում է, որ ֆոտոշարքի համար չափազանց գեղեցիկ ու յուրահատուկ վայր էր ընտրել լուսանկարիչը։
Դերասանուհին պատմում է, որ կարանտինի ընթացքում ամբողջ օրը կամ տանն է, կամ անցկացնում է իր ժամանակը մտերիմ ընկերուհիների հետ։ Դերասանուհին խոստովանում է, որ ամռանը շատ ծրագրեր ուներ, որոնք կարանտինի պատճառով հետաձգվեցին։
«Ճամփորդելու ծրագրեր ունեինք, որոնք հետաձգվեցին։ Բայց չեմ տխրել, որովհետև տեսակով շատ լավատես եմ»,- հավատացնում է Իրինան։
Դերասանուհին ասում է, որ դեռ նորություն չունի իր երկրպագուների համար, սակայն համոզված է, որ ապագայում հաստատ կլինեն անակնկալներ, և խոստանում է երկրպագուներին երկար չսպասեցնել։

Կարանտինի հետևանքով շատ աղջիկներ կանգնել են լուրջ խնդրի առջև․ ինչպե՞ս հետևել մաշկի և վարսերի խնամքին առանց պրոֆեսիոնալների խորհրդի։ Սակայն Իրինան որոշել է բացահայտել երկրպագուներին իր գաղտնիքը, որն իրեն շատ է օգնում տնային խնամքի հարցում․ դերասանուհին օգտագործում է ջայլամի յուղ ու հավատացնում, որ արդյունքը հիասքանչ է։
«Իմ մաշկը երբեք այնքան թարմ տեսք չի ունեցել, որքան հիմա»,- նկատում է Իրինան։

Դերասանուհին կարանտինի ընթացքում մի քանի անգամ փոխեց վարսերի երանգը․ սկզբում նա շիկահեր էր, հետո սևահեր, հիմա արդեն խարտյաշ է։ Իրինան խոստովանում է, որ արդեն կորցրել է հաշիվը ու չի կարողանում հիշել, թե այս շաբաթների ընթացքում քանի անգամ է դիմել ոճափոխության։

«Կյանքումս շատ հաճախ եմ փոփոխությունների կարիք զգում, կարծում եմ՝ դրա հետ է կապված։ Հենց իմ ներքին աշխարհում մի բան այն չի լինում, գնում եմ վարսահարդարիս՝ Արթուրի մոտ։ Ինքն արդեն հոգնել է ինձնից»,-ժպիտով պատմում է գեղեցկուհին ու օգտվելով առիթից ներողություն է խնդրում վարսահարդարից իր կամակորությունների համար և խոստովանում է, որ շատ է նրան սիրում։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան