Քայլի Ջենները խոշոր գումար է ծախսել, նախքան Forbes-ի կողմից միլիարդատիրոջ կարգավիճակից զրկվելը (լուսանկարներ)

Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհու տիտղոսից վերջերս զրկված գործարար, ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենների ծախսերի մասին նոր զեկույց է հրապարակվել, ըստ որի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ջեներն իսկական միլիարդատիրոջը վայել ցոփուշվայտ կյանքով է ապրել, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 22-ամյա աստղը Forbes-ի հայտարարությունից առաջ միայն նախորդ տարի 130 միլիոն դոլար է ծախսել անշարժ գույքի և մասնավոր ինքնաթիռի ձեռքբերման համար։

Նշվում է, որ նա միլիոնավոր դոլարներ է ծախսել դստեր համար գերշքեղ ծննդյան խնջույքի կազմակերպման, ապրիլին Հոլմբի Հիլս թաղամասում շքեղ հանգստյան գոտու, չկառուցապատված հողատարածքների ձեռքբերման, կորոնավիրուսի և ավստրալական հրդեհների դեմ պայքարի համար կատարված նվիրատվությունների համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Forbes-ը միլիարդատերերի ցուցակից հեռացրել է Քայլի Ջեններին, երբ բացահայտել է, որ նրա Kylie Cosmetics ընկերությունն ավելի քիչ է գնահատվում, քան իրապատում շոուի աստղն է հայտարարում։