Ռոման Աբրամովիչը գնել է Իսրայելի ամենաթանկ առանձնատունը

Ռուս-իսրայելցի գործարար Ռոման Աբրամովիչն Իսրայելի ամենաթանկ առանձնատունն է գնել՝ վճարելով Իսրայելում բնակելի անշարժ գույքի համար ռեկորդային 65 մլն դոլար. այն գտնվում է Թել Ավիվից 15 կմ հյուսիս տեղակայված Հերցլիահ հանգստավայրում, հայտնում է Globes պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«Կորոնավիրուսի համավարակի պատճառած ճգնաժամից առաջ կատարվել է Իսրայելի պատմության մեջ բնակելի անշարժ գույքի վաճառքի ամենաթանկ գործարքը․ ռուս-իսրայելցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը 226 մլն շեկելով (64,5 մլն դոլար) անշարժ գույք է գնել»,- գրում է պարբերականը։

Լրագրողների տվյալներով՝ առանձնատանը հարող տարածքի մակերեսը կազմում է շուրջ 9500 քառակուսի մետր։ Սեփականության հիմնական մասը տունն է, որի սեփականատերը 2006 թվականից եղել է հեջ-ֆոնդերի բրիտանացի կառավարիչ, Brevan Howard Asset Management-ի համահիմնադիր Ալան Հովարդը:

Ինչպես գրում է հրատարակությունը, նախկին սեփականատերն առանձնատունը գնել է 9 միլիոն դոլարով և «հսկայական միջոցներ է ծախսել անշարժ գույքի բարելավման համար՝ ընդլայնելով այն 6,5 հազարից մինչև 9,5 հազար քառակուսի մետր և կառուցելով երկու տպավորիչ շենք, որոնք նախագծել է ճարտարապետ Օռլի Շրեմը»:

Հաղորդվում է, որ տարածքում կան նաև թենիսի խաղահրապարակ և լողավազան։

Աբրամովիչը Իսրայելի քաղաքացիություն է ստացել 2018 թվականին։