Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը դատապարտել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը, գրում է Daily Mail-ը։
Երկուշաբթի 32-ամյա երգչուհին Ինստագրամում հրապարակել է Ֆլոյդի լուսանկարը՝ գրելով, որ «ռասիզմն իրականություն է և այն ամենուր է»։
Իր աջակցությունը հայտնելով Black Lives Matter շարժմանը՝ «Գրեմմի» մրցանակի դափնեկիրը գրել է․ «Ջորջ Ֆլոյդի սպանությունը շոկ է առաջացրել ամբողջ աշխարհում։ Բողոքի ցույցերն ու երթերը միաժամանակ տեղի են ունենում ամբողջ երկրագնդով մեկ և նոր թափ են հավաքում։ Այնպես որ, պետք է արդարացիորեն զայրացած, բայց միևնույն ժամանակ կենտրոնացած մնալ։ Շարունակեք լսել, շարունակեք հարցնել և սովորել»։
Ադելի խոսքով՝ խոսքը համակարգված ռասիզմի, ոստիկանական բռնության և անհավասարության մասին է։ Եվ դա տեղի է ունենում ոչ միայն ԱՄՆ-ում։
«Ռասիզմն իրականություն է, և այն ամենուր է»,- հավելել է երգչուհին։