«Ռասիզմը մեր համավարակն է, որի պատվաստանյութը 400 տարվա ընթացքում դեռ չենք գտել»․ Ջորջ Քլունի

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը նվիրված էսսեում կոչ է արել ԱՄՆ-ում իրավապահ մարմինների, քրեական արդարադատության և քաղաքական ղեկավարության «համակարգված փոփոխություններ» կատարել։

The Daily Beast-ում ներկայացված իր հոդվածում Քլունին հայտարարել է, որ շտապ միջոցներ են անհրաժեշտ երկրում մոլեգնող «ռասիզմի համավարակի» դեմ պայքարի համար:

«Կասկած չկա, որ Ջորջ Ֆլոյդը սպանվել է։ Մենք տեսանք, թե նա ինչպես է չորս ոստիկանների ձեռքում վերջին անգամ շնչում»,- գրել է Քլունին:
Այնուհետև դերասանը բարձր է գնահատել տեղի ունեցածից հետո ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց արձագանքը։

«Մենք չգիտենք՝ երբ այս բողոքի ցույցերը կհանդարտվեն։ Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ այլևս ոչ ոք չզոհվի։ Բայց նաև գիտենք, որ շատ քիչ բան կփոխվի։ Զայրույթն ու հիասթափությունը, որ մենք կրկին տեսնում ենք մեր փողոցներում, հիշեցում են այն մասին, թե որպես պետություն որքան քիչ առաջընթաց ենք գրանցել սրկության օրերից ի վեր»,- գրել է նա՝ հավելելով․ «Ռասիզմը մեր համավարակ է։ Այն վարակել է մեզ բոլորիս, և 400 տարվա ընթացքում մենք դեռ չենք գտել դրա պատվաստանյութը»։

Քլունիի խոսքով՝ «այն փաստը, որ մենք այլևս չենք գնում և վաճառում այլ մարդկանց, պատվի նշան չէ»:
«Մեզ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ իրավապահ մարմինների և քրեական արդարադատության համակարգերում»,-նշել է հոլիվուդյան աստղը։

59-ամյա Քլունին իր հոդվածն ավարտել է առաջիկա նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփին պաշտոնից հեռացնելու կոչով:

«Մենք այնպիսի քաղաքական գործիչների կարիք ունենք, որոնք հիմնարար արդարությունը հավասարապես կարտացոլեն իրենց բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Մեզ պետք չեն առաջնորդներ, որոնք ատելություն ու բռնություն են հրահրում։ Եվ այս երկրում հիմնարար փոփոխությունների հասնելու միայն մեկ միջոցը քվեարկելն է»,- նշել է դերասանը։