«Ընտրության հարցում ափսոսում եմ միայն մեկ դեպքում»․ Տիրուհի Հակոբյանի կարանտինը, չեղարկված պլաններն ու մասնագիտական նախընտրությունները

Երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանը, ով հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Կարմիր բլուր» հեռուստասերիալից, այժմ հեռուստատեսային զբաղվածություն չունի։ Տիրուհին նաև խաղում է Տիկնիկային թատրոնում, սակայն, երկրում կարանտինային իրավիճակով պայմանավորված, այժմ չեն գործում նաև թատրոնները, այնպես որ դերասանուհին այս ընթացքում հասցրել է կարոտել բեմն ու իր հանդիսատեսին։

ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր առօրյայից, խոսել նոր զբաղմունքներից, չեղարկված պլաններից, ինչպես նաև անդրադարձել թատրոնին, իր մասնագիտությանն ու իր համար հետաքրքիր դերերին։

«Երբ խստացված ռեժիմ էր, ու մենք փակված էինք չորս պատի մեջ, ստիպված էինք մտածել, թե ինչ է պետք անել օրը հետաքրքիր անցկացնելու համար։ Ընտրության հնարավորությունը մեծ չէր․ կարող էինք ընտրել կա՛մ խոհանոցը, կա՛մ ֆիլմեր դիտելն ու գրքեր կարդալը, կա՛մ համակարգչային այլ զբաղմունքները․․․ Այս ընթացքում փորձել եմ նաև առողջ ապրելակերպ վարել, պարբերաբար մարմնամարզությամբ եմ զբաղվել։ Հասցրի նաև մեկ անգամ ևս բացահայտել «Փոքրիկ Իշխան»-ին։ «Քո մոլորակի վրա մարդիկ մեկ այգում աճեցնում են հինգ հազար վարդ ու չեն գտնում նրան, ում փնտրում են, բայց այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել մեկ վարդի մեջ»․ այս տողերն այնքան արդիական են, հատկապես այս օրերին»,- պատմում է դերասանուհին։

Դերասանուհին այս ընթացքում թե՛ անձնական և թե՛ աշխատանքային ծրագրեր է ունեցել, որոնք, ցավոք սրտի, հետաձգվել կամ չեղարկվել են։«Ծրագրված էր հյուրախաղեր Հայաստանի տարբեր շրջաններում, ցավոք, խափանվեց։ Այս օրերին նաև 25 ամյակս էր, հետաքրքիր ծրագրեր ունեի․․․ ամեն դեպքում փեսացուս շատ գեղեցիկ անակնկալ մատուցեց ինձ ու օրս անմոռանալի դարձրեց։ Ես մտածում եմ, որ բարին էլ սա էր։ Այս ժամանակը ևս մեկ անգամ մեզ հնարավորություն տվեց դադար առնելու, մտածելու ու հանգստանալու համար»,- կիսվում է Տիրուհի Հակոբյանը։

Խոսելով մասնագիտական դադարի ու նոր առաջարկների մասին՝ Տիրուհին նշում է․ «Մեր մասնագիտությունը շատ անկանխատեսելի է՝ ամեն պահի կարող ենք մի հաճելի զանգ ստանալ»։

Կարանտինի բացասական կողմերից կարելի է առանձնացնել կարոտը․ այն ստիպեց ավելի արժևորել ու գնահատել այն, ինչն ունենք։ «Այս ընթացքում հասցրել եմ շատ սովորական ու հասարակ բաներին կարոտել, թեկուզ միայն մարդաշատ փողոցով անհոգ քայլելուն։ Ուզում եմ օր առաջ ինտեգրվել ակտիվ մշակութային կյանքին»,- պատմում է դերասանուհին, ապա հավելում, որ հասցրել է նաև շատ-շատ կարոտել թատրոնը՝ իր հանդիսատեսին, իր տիկնիկներին և սիրելի գործընկերներին։

Զրույցի ընթացքում Տիրուհին նաև իր համար առանձնացրեց կարանտինի առավելություններն ու թերությունները․ «Կարանտինի առավելությունն այն է, որ այս ընթացքը մեզ թույլ տվեց, որ մենք մեր արժեքները ևս մեկ անգամ վերագնահատենք։ Հասկանանք, որ շատ կարևոր են նաև մանրուքները, որոնց առաջ ուշադրություն չէինք դարձնում։ Գնահատենք ամեն բան ու փորձենք դրանով երջանիկ լինել․ թեկուզ քաքաղային անհոգ զբոսանքը, ընկերուհիների հետ մի տեղում հավաքվելն ու մտերմիկ զրույց ունենալը, հարազատների հետ շփման կարևորությունը։ Իսկ թերությունները շատ-շատ են՝ սահմանափակ տարածք, սահմանափակ գործողություններ և խոցելի լինելու վտանգ»։

Կարանտինը դերասանուհուն նաև հնարավորություն է տվել իրեն մեկ այլ կողմից էլ բացահայտելու համար․ «Ինձ ու ծնողներիս համար բացահայտում եղավ այն, որ ես պիտանի եմ նաև խոհանոցում ու կարող եմ շատ շնորհալի խոհորար լինել։ Ի դեպ, ընկերուհիներս էլ կարող են դա հաստատել, քանի որ պարբերաբար զանգում և ինձնից հարցնում են այս կամ այն ուտեստի պատրաստման եղանակը»։

Կարանտինի ընթացքում փակ էին նաև գեղեցկության սրահներն ու մարզասրահները, այնպես որ շատերը ստիպված էին տան պայմաններում իրենց «գլխի ճարը տեսնել»։ «Իրականում տանը մարզվելու ու գեղեցիկ կազմվածքը պահպանելու համար շատ բաներ անհրաժեշտ չեն։ Որպես գաղտնիք ասեմ, որ անհրաժեշտ չէ մեծ ծախսեր կատարել, ընդամենն անհրաժեշտ է փոքրիկ սպորտային գորգ, իսկ մնացած բազմապիսի վարժություններն արդեն կախված են ձեր հմտություններից։ Չմոռանամ նաև նշել, որ վերջապես հեծանիվ վարել եմ սովորել և դա ևս դարձել է առօրյայիս մի մասը»,- պատմում է դերասանուհին։

Իսկ ինչ-որ դերի կամ համագործակցության առաջարկ ստանալիս դերասանուհին քմահաճություններ չի անում, ընդամենը մի քանի կետեր և համաձայնությունը պատրաստ է։ «Պետք է լինի ասելիք ունեցող, միս ու արյունից, ոչ արհեստական, ոչ սարքովի՝ կենդանի կերպար՝ իր հակասություններով և ներքին պայքարով»,- նշում է դերասանուհին։

Տիրուհին իր մասնագիտությունը շատ է սիրում և դրա ընտրության հարցում ափսոսում եմ միայն մեկ դեպքում․«Երբ գիտակցում եմ, որ ոչ թե դու ես ընտրում, այլ քեզ են ընտրում։ Իսկ եթե դերասան չլինեի, միևնույնն է՝ դարձյալ բեմի հետ կապված որևէ այլ մասնագիտություն կընտրեի»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան