«Տանից ընդհանրապես դուրս չենք եկել»․ դերասանուհի Հրաչուհի Ամիրյանի ընտանեկան կարանտինն ու հետագա ծրագրերը

Կամերային թատրոնի դերասանուհի Հրաչուհի Ամիրյանն այժմ իր ողջ ուշադրությունն ու ժամանակը տրամադրում է փոքրիկ որդուն՝ Վարդանին, ով, մայրիկի խոսքերով, չափազանց ակտիվ երեխա է և երբեք չի թողնում երկար ժամանակով ձանձրանալ։

ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց իր ընտանիքի առօրյայից, երեխայի հետաձգված մկրտությունից և թատրոն վերադառնալուց։ Խոսեցինք նաև մեր սերիալներից ու դերասանի մասնագիտությունից։ Զրույցի ընթացքում Հրաչուհին նաև առաջարկեց խնամված լինելու իր տարբերակը։

«Ճիշտն ասած՝ ես չափից դուրս զգույշ եմ ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունեմ փոքրիկ բալիկ, որն ինձ է՛լ ավելի զգուշավոր ու նրա առողջության համար չափազանց «դողացող» է դարձրել, վերջին մի քանի ամսվա ընթացքում, առանց չափազանցնելու, մենք տանից ընդհանրապես դուրս չենք եկել։ Իսկ արևի երես տեսնում ենք, երբ պատշգամբ ենք դուրս գալիս։ Առօրյաս բազմազան ու հագեցած դարձնելու որևէ խնդիր չեմ ունեցել ու, ինձ թվում է, դա կարող են փաստել բոլոր մայրիկները։ Բալիկս օրս այնպես է լցնում, որ ժամանակ չի մնում տխրելու կամ ձանձրանալու համար։ Իհարկե, հաճելի չէ ամբողջ օրը տանն անցկացնելը, քանի որ անընդհատ մի միջավայրում գտնվելը չի կարող չազդել քո տրամադրության կամ գործողությունների վրա, բայց, հասկանալով իրավիճակը, փորձում ենք հետևել բոլոր կանոններին ու հրահանգներին»,- պատմում է դերասանուհին։

Սակայն հիմա արդեն, պահպանելով զգուշություն, Հրաչուհին և իր փոքրիկը պարբերաբար դուրս են գալիս զբոսնելու․ «Եղանակը ստիպում է, որ կարողանաս վախդ հաղթահարել ու դուրս գաս քայլելու»։

Վիրուսի դեմ դերասանուհին և իր ընտանիքը պայքարում են առողջ սնունդ օգտագործելով․ «Սննդակարգում շատացել են մրգերն ու բանջարեղենները։ Այս ընթացքում նաև պարբերաբար ախտահանել ենք տունը, ինչու՞ չէ, նաև մեզ))»։

Կարանտինի ընթացքում փոքրիկ Վարդանի մեկ ամյակն է եղել, ծնողները որոշել էին այդ օրը նրան նաև մկրտել։ «Մի խոսքով՝ պատրաստվում ենք մեծ մկրտություն ու ծնունդ անել։ Ու հետաքրքիրն այն է, որ երբ այս պլանները չեղարկվեցին, ամուսնուս հետ որոշեցինք, որ ոչինչ, բան չկա, ամռանը կանենք, հա՛մ երեխան մի քիչ մեծացած կլինի, հա՛մ էլ ավելի լավ եղանակներ կլինեն։ Սակայն հիմա հասկանում ենք, որ ամռանն էլ չենք կարողանա երեխայի մկրտությունը կազմակերպել։ Ու դա ամենացավալինն է, որ գիտակցում ես, թե այս վիրուսն ինչպես ու ինչ աստիճան փոխեց մեր կյանքը՝ խառնելով մեր բոլոր պլանները»,- կիսվում է Հրաչուհի Ամիրյանը։

Այս ընթացքում դերասանուհին նաև հասցրել էր վերադառնալ թատրոն։«Փորձում էի մտնել հունի մեջ, քանի որ բալիկիս ծնվելուց հետո տևական ժամանակ բացակայել էի նաև թատրոնից, սակայն․․․»,- և կրկին հոգոցներ։

Դերասանուհին հասցրել է չափից շատ կարոտել մարդկանց և միմյանց հետ շփումը․«Անգամ կատակում էի, որ կարանտինից հետո դուրս եմ գալու փողոց ու բոլոր անցորդներին հերթով գրկեմ ու համբուրեմ»։

Կարանտինի բացասական կողմերի հետ մեկտեղ, չի կարելի մոռանալ նաև դրականի մասին։ «Կարանտինի ամենամեծ պլյուսն այն է, որ, ոչ միայն ինձ համար, կարծում եմ՝  բոլոր մայրիկների համար էլ այդպես է, ժամանակ ունեցանք ավելի մեծ ուշադրություն ու խնամք հատկացնելու մեր երեխաներին։ Իհարկե, իմ դեպքում այդպես չէր, բայց ես շատերին եմ ճանաչում, ովքեր աշխատանքի բերումով առավոտյան դուրս էին գալիս տանից, իսկ երեկոյան վերադառնալիս իրենց բալիկներին արդեն քնած էին գտնում։ Այնպես որ՝ սա հիանալի հնարավորություն էր մեզ ու մեր երեխաներին ավելի մեծ ժամանակ ու սեր հատկացնելու համար։ Իսկ բացասական կողմերը շատ-շատ են, մեր կյանքը, կարծես, գլխիվայր շուռ է եկել, ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես մենք էինք նախատեսել։ Խառնաշփոթը, խուճապն ու վախը մեզ դարձրել են ավելի խոցելի ու դյուրագրգիռ»,- կիսվում է Հրաչուհին։

Սիրված դերասանուհին ու արդեն նաև փորձառու մայրիկը խնամված լինելու իր տարբերակն ունի։ «Քանի որ հիմա արդեն գարուն է ու բազմազան թարմ մրգեր ու բանջարեղեններ կան, ինքս անում եմ ու ուրիշներին ևս առաջարկում եմ, որ դրանցով դիմակներ պատրաստեն՝ առանց որևէ հավելումների, դրանք շատ օգտակար են մաշկը մշտապես խոնավ և հարթ պահելու համար»,- պատմում է դերասանուհին և հավելում․«Իսկ կազմվածքի հետ կապված ես երբևէ խնդիրներ չեմ ունեցել, անգամ հղիության ընթացքում քաշս շատ չէր ավելացել, իսկ ծննդաբերությունից հետո էլ շատ արագ վերադարձել եմ իմ նախկին կազմվածքին։ Կարանտինի ընթացքում էլ քաշի հետ կապված լուրջ խնդիրներ չեմ ունեցել, քանի որ այն կինը, ով հետևում է իրեն ու իր արտաքինին, ցանկացած պայմաններում էլ լուծումներ կգտնի՝ թեկուզ և տան պայմաններում»։

Դերասանի մասնագիտությանն անդրադառնալիս Հրաչուհին նշեց, որ ինքը իրեն միշտ բավարարված ու լիարժեք է զգացել հենց իր մասնագիտության մեջ և երբևէ չի մտածել այլ ուղղությամբ ու չի փոշմանել իր ընտրության հարցում։ «Եթե ոչ դերասանուհի, ապա երգող դերասանուհի ))): Իսկ Կամերային թատրոնը մեզ այդ հնարավորությունը տալիս է, մեզ մոտ չերգող դերասանուհիներ գրեթե չկան»,- պատմում է դերասանուհին, ապա, իր խոսքը շարունակելով, անդրադառնում ոչ դերասան «դերասաններին»․ «Ես «չդերասններին» ու առհասարակ այդ երևույթին երբեք  լավ չեմ վերաբերվել։ Հաստատ Ֆրունզիկ Մկրտչյաններ դարը մեկ են ծնվում, այնպես որ ես կրթությունը շատ եմ կարևորում։ Բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ հարցը միայն բուհ ընդունվելը չէ, կարևոր է նաև միջավայրը, կոլորիտը, որտեղ դու թրծվում ու դառնում ես դերասան, ու այստեղ արդեն անփոխարինելի է թատրոնի դերը։ Վերջերս հետևում էի Հանրային հեռուստաընկերության «Վերջին ուսուցիչը» բազմասերիանոց ֆիլմին ու այնտեղ դերասանների հիմնական մասը թատերականը նոր ավարտած ուսանողներն էին, ու ինչքան հաճելի էր հետևել նրանց խաղին ու դրանով պայմանավորված ֆիլմի հետագա զարգացումներին»։

Դերասանուհին շատ է ողջունում Հանրային հեռուստաընկերության որդեգրած քաղաքականությունը․«Նրանք մեր դասական ստեղծագործություններին նոր շունչ ու կյանք են տալիս։ Սա ևս պայքարի տարբերակ է, ինչն ապացուցում է, որ սերիալ բառը լսելիս մենք կարող ենք այն այլևս չասոցացնել անորակ բառի հետ»։

Հրաչուհին հեռուստաեթեր վերադառնալու ցանություն ևս ունի, մնում է միայն լավ առաջարկ՝ ու հետաքրքիր համագործակցությունը կստացվի։

Հեղինակ՝ Լուս Ավագյան