«Ռասիզմն ու տգիտությունն այլևս տեղ չունեն մեր հասարակության մեջ»․ Ջոնի Դեփը խոստացել է պայքարել ռասիզմի դեմ

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը մարդկանց կոչ է արել իրենց անձնական «խոստում տալ»՝ ռասիզմի դեմ պայքարելու համար, գրում է MSN-ն:

Դերասանը մեկնաբանել է ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը և կոչ է արել մարդկանց օգտագործել այդ ողբերգական իրադարձությունը համակարգային ռասիզմը ոչնչացնելու համար։

«Իմաստ չունի հասկանալ այն, ինչն անիմաստ է։ Ոչ մի կերպ հնարավոր չէ հետ բերել մահացածի կյանքն այնպես, ինչպես հնարավոր չէ վերականգնել կոտրված սիրտը։ Միակ բանը, որ կարող ենք անել՝ ինքներս մեզ խոստում տալն է, որ ռասիզմը և տգիտությունն այլևս տեղ չեն ունենա մեր հասարակությունում»,- գրել է դերասանը։

Նրա խոսքով՝ հասունացել է հասարակությունում կառուցվածքային փոփոխությունների ժամանակը։

56-ամյա դերասանը նաև քննադատել է Ֆլոյդի սպանությունից հետո իշխանությունների՝ «իշխանության գրոտեսկային չարաշահումը»:

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չեն դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:

Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել: