Քեյթ Բլանշեթը հայտնել է, որ բենզասղոցով աշխատելիս վնասել է գլուխը (լուսանկարներ)

Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը Մեծ Բրիտանիայի Սասեքս կոմսության իր առանձնատանը բենզասղոցով աշխատելիս գլխի վնասվածք է ստացել։ Բարեբախտաբար, հայտնի դերասանուհուն հաջողվել է խուսափել կյանքի և առողջության համար անդառնալի հետևանքներից, գրում է Daily Mail-ը։

Միջադեպի մասին 51-ամյա դերասանուհին պատմել է Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդի հետ հարցազրույցում։

«Ես լավ եմ։ Վնասվել էի բենզասղոցով աշխատելիս, գիտեմ՝ սարսափելի է հնչում, բայց, իրոք, ամեն ինչ կարգին է։ Միայն գլխիս վրա մի փոքր քերծվածք է մնացել»,- հայտարարել է Բլանշեթը։

Նա նաև նշել է, որ իր կարանտինային կյանքի ընթացքում ոչ մի նշանակալի իրադարձություններ տեղի չեն ունեցել։ Դերասանուհին հավելել է, որ կինոկարիերայում դադար է վերցրել, որպեսզի չորս որդիներից մեկին օգնի պատրաստվել ավարտական քննություններին:

Քեյթ Բլանշեթը «Օսկարի» երկու մրցանակների, BAFTA-ի երեք մրցանակների, «Ոսկե Գլոբուսի» երեք մրցանակների դափնեկիր է: