«Իմ սկզբունքներից դուրս է կապված լինել ամուսնացած տղամարդու հետ»․ Հակինթ Բաղդասարյանը՝ «Խաբկանք» հեռուստասերիալի և կարանտինային առօրյայի մասին

Դերասանուհի Հակինթ Բաղդասարյանը, ով հեռուստադիտողին հայտնի է ֆիլմերում ու հեռուստասերիալներում խաղացած իր բազմաթիվ դերերով, այժմ նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում։
Դերասանուհին ShowBiz.am-ի հետ զրույցում պատմեց իր նոր դերից, խոսեց դերասանական ու նկարահանող անձնակազմից, անդրադարձավ կարանտինին ու իր ընտանեկան առօրյային, ինչպես նաև պատմեց իր չեղարկված պլաններից ու կիսվեց հայկական հեռուստասերիալների մասին իր կարծիքով։

Հակինթ Բաղդասարյանը «Խաբկանք» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացել է նախագծի պրոդյուսեր Գեղամ Մարգարյանից և սցենարիստ Անուշիկ Պետրոսյանից, իսկ այդ հետաքրքիր գործընթացի մանրամասները պատմել է մեզ։ «Ինձ զանգահարեց սցենարիստ Անուշիկ Պետրոսյանը, և այստեղ պետք է նշեմ ինձ համար կարևոր մի բան․ շատ եմ կարևորում, երբ սցենարիստը մանրակրկիտ բացատրում է, թե ինչ է պահանջվում դերասանից։ Եվ Անուշիկը ներկայացրեց այն ամենն, ինչն իմ կերպարը պետք է կարողանա փոխանցել հեռուստադիտողին։ Կերպարը հավանելով, ինչպես նաև հավանելով սցենարիստի հետաքրքիր մոտեցումը՝ ես տվեցի համաձայնությունս»,- պատմում է դերասանուհին, ապա հավելում, որ զրուցել է նաև պրոդյուսեր Գեղամ Մարգարյանի հետ, ով ևս շատ գեղեցիկ ու ճիշտ ներկայացրել է իր  կերպարին։ «Պրոդյուսերը այնպիսի լիցքեր փոխանցեց ինձ, այնպես խոսեց ինձ հետ ու նկարագրեց կերպարը, որ ես ակամայից ամբողջությամբ պատկերացրի իմ հերոսուհուն ու նրա ապրումները»։

Նշենք, որ Գեղամ Մարգարյանը «Մեղրամիս», «Ուշացած սեր», «Թշնամու անկողնում»  և այլ նախագծերի պրոդյուսերն է եղել։

Ու նրանք էին, որ «ստիպեցին» դերասանուհուն, որ նա մեկ օրում համաձայնվի այս կերպարը կերտել։ Կերպար, որն իրեն բացարձակ նման չէ, քանի որ դերասանուհու սկզբունքներից դուրս է կապված լինել մի տղամարդու հետ, ով ամուսնացած է։

Հակինթի խոսքերով՝ իր հերոսուհին շատ յուրահատուկ կին է։ «Ու մինչ նրան անդրադառնալը պետք է նշեմ, որ մենք սիրում ենք մարդուն՝ անկախ այն բանից նա մեր կողքին է, թե՝ ոչ, անկախ նրանից նա ողջ է, թե մահացած․․․ Սերը չի ճանաչում ոչ ժամանակ, ոչ տարածություն։ Այն սերը, որն իր մեջ կրում է իմ հերոսուհին, իրական ու ինքնազոհ սեր է։ Հերոսուհիս զոհաբերել է իր ամբողջ կյանքն ու ապագան հանուն այդ սիրո»,- մանրամասնում է Հակինթը։

Դերասանուհին կարծում է, որ սա սերիալային նախագիծ է, որն անչափ նման է գեղարվեստական ֆիլմի, ապա նաև հավելում, որ ինքն ուղղակի երազում է, որ այդ ոճը մտնի մեր սերիալային արտադրության մեջ։

Վերադառնալով իր հերոսուհուն՝ Հակինթը հավելում է․ «Շատ խորը կին է, նվիրված իր երեխային, ում մենակ է մեծացրել։ Եվ պետք է նշեմ՝ այնպես է մեծացրել, որ Էրիկան ոչ մի բանի կարիք չի ունեցել։ Իսկ Էրիկայի կերպարը մարմնավորում է մի հրաշք, մի լույս անձնավորություն՝ Տաթևիկը, և մեր համագործակցությունը նկարահանման հրապարակում հիմնված է հենց փոխադարձ վստահության վրա»։

Դերասանուհին նախագծի ընթացքում առաջին անգամ համագործակցում է նաև իր ինստիտուտի ընկեր Հովակ Գալոյանի հետ․«Սրա համար ևս անչափ ուրախ եմ, նկարահանման ընթացում շատ կարևոր է, երբ դու գործընկերոջդ հասկանում և նրան ամբողջությամբ զգում ես»։

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև այն հանգամանքին, որ այժմ հեռուստանախագծերում շատ են նրանք, ովքեր, չունենալով դերասանական կրթություն, հանդես են գալիս այդ մասնագիտությամբ։ Իսկ դերասանուհին իր խոսքում, անդրադառնալով այս խնդրին, իր ուշադրությունը կենտրոնացրեց երգիչների վրա, ովքեր ներկայանում են նաև դերասանի աշխատանքով․ «Քանի որ ես արդեն 22 տարի է, ինչ բեմական խոսք եմ դասավանդում, պետք է նշեմ, որ մեր երգիչները, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կրթություն, ևս շատ լավ կարող են որպես դերասաններ հանդես գալ, քանի որ նրանք ևս անցել են այնպիսի դասընթացներ, որոնք անհրաժեշտ են նկարահանման հրապարակում ներկայանալու համար։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ նրանց պետք  չէ զատել դերասաններից ու սուր վերաբերվել այն հանգամանքին, որ նրանք ևս նկարահանվում են։ Մեր դերասանական անձնակազմից Ավո Ադամյանը, ով երգիչ է, ստացել է նաև դերասանական կրթություն՝ ավարտելով Երվանդ Մանարյանի կուրսերը, այնպես որ շատ լավ կատարում է իր առջև դրված խնդիրները»։

Զրույցի ընթացքում դերասանուհին անդրադարձավ նկարահանման հրապարակում տիրող չափազանց ջերմ մթնոլորտին ու դրա հիմնական պատասխանատուին։ «Ես արդեն շատերից հասցրել եմ լսել, որ բոլորն ասում են՝ մենք շատ սիրով անձնակազմ ունենք, և դա իրոք այդպես է։ Ու կարծում եմ՝ դա գալիս է մեր ռեժիսորից՝ Վարշամ Սափրազյանից։ Չեմ կարող չասել, որ նա իրոք առանձնահատուկ մարդ է։ Առաջին օրը, երբ եկել էի նկարահանման հրապարակ, չէի կարողանում հասկանալ՝ ով է ռեժիսորը, քանի որ Վարշամը կարողանում էր փոխարինել ամենքին ու լինել ամենուր։ Բայց դրանից առավել գնահատում եմ նրա նուրբ մարդկայն տեսակը, քանի որ նա կարողանում է միշտ դրական ու մտերմիկ միջավայր ստեղծել նկարահանման հրապարակում»,- կիսվում է դերասանուհին։

Ինչ վերաբերվում է առհասարակ մեր սերիալներին, դերասանուհին նկատում է, որ մենք ունենք աճելու տեղ ու բավականին շատ։ «Սերիալը պետք է գնալով նմանվի գեղարվեստական ֆիլմի և չկորցնի իրականության հետ կապը։ Սակայն դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ սերիալային արտադրանքն ավելի թեթև արտադրանք է, որն ունի իր պահանջարկն ու սպառման շուկան»,- բացատրում է Հակինթը։

Կարանտինն ու կորոնավիրուսը անտարբեր չեն անցել նաև դերասանուհու կողքով․ «Մենք արդեն սկսել էինք նկարահանումները, երբ կորոնավիրուսը տարածվեց ու մեր երկիրը  հայտնվեց կարանտինի մեջ։ Բայց քանի որ մենք արդեն սկսել էինք մեր գործը ու թաթախվել էինք այդ ամենի մեջ, այլևս չէինք կարող հետ կանգնել։ Իհարկե, շատ դժվար է այս պայմաններում նկարահանվելը, անընդհատ դիմակներ կրելն ու ալկոգելով պարբերաբար լվացվելը։ Բայց մենք մեր գործի մասնագետներն ենք ու բոլոր կանոններին հետևելով՝ շարունակում ենք մեր նկարահանումները»։

Ըստ դերասանուհու՝ կարանտինը մեզ հնարավորություն տվեց վերանայելու մարդկայն շփումը և արժևորելու մեր կյանքը, ազատությունը, ինչպես նաև բնության հանդեպ սերը․․․«Հասկանում ես, որ մի ակնթարթում կյանքդ կարող է այնպես փոխվել, որ դու անգամ չհասցնես հասկանալ, թե ինչ կատարվեց։ Տղաս սովորում է Բժշկական համալսարանում և զուգահեռ աշխատում է նաև շտապ օգնությունում։ Ու այսքանից հետո ինչպե՞ս չգնահատես կյանքն ու մարդկային վերաբերմունքը»,- կիսվում է դերասանուհին։

Նկարահանումներից դուրս Հակինթն իր ազատ ժամանակն ամբողջությամբ տրամադրում է ընտանիքի անդամներին։ Այս ընթացում հասցրել է նաև շատ կարդալ, պարտադիր հետևել իր կազմվածքին՝ կատարելով ֆիզիկական վարժություններ, ինչպես նաև ֆիլմեր դիտել։

Կարանտինի ամբողջ ընթացքում Հակինթ Բաղդասարյանը անցկացրել է նաև օնլայն դասընթացներ Մանկավարժական համալսարանում․ «Ես ամեն օր դասի եմ եղել երեխաների հետ, ու դրա արդյունքում օրս այնքան հագեցած էր, որ մնացած բաները հազիվ էի կարողանում հասցնել»։

Իսկ ի՞նչ է անելու դերասանուհին առաջին հերթին, երբ կարանտինը կավարտվի։ «Կարանտինը հենց ավարտվի առաջինը մամայիս պինդ գրկելու եմ և պաչիկ անեմ: Երեք ամիս է, ինչ մամայիս երեք մետրից մոտ չեմ գնում․․․ Ուտելիքն ու դեղերը տանում ու արագ փախչում ))):Շատ եմ կարոտել նաև ընկերներիս ու նրանց հետ շփումը, կարոտել եմ մեր ճանապարհորդություններն ու զրույցները, լինելով ընկերասեր մարդ, շատ ծանր եմ տանում այս վիճակն ու նրանց չտեսնելու հնարավորությունը»,- պատմում է Հակինթը։

Հեռուստասերիալից զատ դերասանուհին նաև այլ նախագծեր էլ է ունեցել, որոնց ընթացքն այժմ ևս անորոշ է․ «Առաջիկայում Arnoma Production-ի հետ համատեղ ծրագրեր կային նկարահանումներ սկսել ԱՄՆ-ում՝ իրենց ֆիլմարտադրության պատմության մասին, արդեն հրավերն ունեի՝ անձամբ Էնթոնի Մեյնդլից, ինչը չափազանց մեծ պատիվ էր ինձ համար, բայց, հաշվի առնելով այս իրավիճակը, չգիտեմ, թե երբ հնարավորություն կլինի այն իրականացնելու։ Եվ այստեղ ևս պետք է շնորհակալություն հայտնեմ մեր պրոդյուսերին, ով,մտնելով իմ դրության մեջ, ասաց, որ իմ մեկնելու դեպքում, ես կարող եմ շարունակել նկարահանվել այնտեղից, մինչև որ կվերադառնամ Հայաստան»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան