Ոչ սթափ վիճակում գտնված Միխայիլ Եֆրեմովը դարձել է մահվան ելքով վրաերթի պատճառ

Դերասան Միխայիլ Եֆրեմովը երեկ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել։ Ավտովթարը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում, տեղի ժամանակով 21:44-ին:

Jeep Grand Cherokee ավտոմեքենան, որը վարում էր Միխայիլ Եֆրեմովը, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Lada մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով տուժել է Lada-ի վարորդը, որը հոսպիտալացվելուց հետո հիվանդանոցում մահացել է։ Եֆրեմովին ձերբակալել են, ապա ուղարկել բժշկական ստուգման՝ պարզելու արյան մեջ ալկոհոլի պարունակությունը: «Ես շատ փող ունեմ, նրան կբուժեմ»,- ասել է դերասանը դեպքի վայր ժամանած ոստիկաններին։ Պարզվել է, որ դերասանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Ավտովթարի մահվան ելքի արդյունքում դերասանին սպառնում է 12 տարվա ազատազրկում։

Մահացած վարորդը 58-ամյա Սերգեյ Զախարովն է՝ Ռյազանից, ով աշխատել է Մոսկվայում որպես առաքիչ: Վթարից հետո նրան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք՝ կողոսկրերի կոտրվածքներով ու գլխի վնասվածքով։ Կոտրված կողոսկրերը խոցել են տղամարդու թոքերը, սկսվել է ներքին արնահոսություն: Բժիշկներն ամբողջ գիշեր պայքարում էին Սերգեյի կյանքի համար, բայց չեն կարողացել փրկել նրան: Մահացածն ուներ կին, երկու երեխա և տարեց մայր։