Քայլի Ջենները խոստացել է ավելի շատ ուշադրություն դարձնել Kylie Cosmetics-ի աշխատակիցների էթնիկ բազմազանությանը

Ամերիկյան Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենները խոստացել է ավելի շատ ուշադրություն դարձնել Kylie Cosmetics-ի աշխատակիցների էթնիկ բազմազանությանը՝ բացահայտելով, որ իր աշխատակիցների 13%-ը սևամորթ է, գրում է Daily Mail-ը։

22-ամյա գործարարը կիրակի միացել է Pull Up for Change նախաձեռնությանը, որը մեկնարկել է UOMA Beauty դիմահարդարման խանութի տնօրեն Շարոն Չուտերը։

«Kylie Cosmetics-ը միանում է Pull Up for Change նախաձեռնությանը՝ մեր թիմի և սևամորթ համայնքի համար։ Մենք հպարտանում ենք մեր ընկերության աշխատակիցների բազմազանությամբ՝ սևամորթ, սպիտակամորթ, ասիացի, բնիկ ամերիկացի, լատինամերիկացի կանանցով»,- ասված է բրենդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ինստագրամում:

Հրապարակման համաձայն՝ իրապատում շոուի աստղի բրենդի աշխատակիցների 47 տոկոսն այլ ռասաների ներկայացուցիչներ են, 53 տոկոսը՝ սպիտակամորթներ և 100 տոկոսը՝ կանայք: Kylie Cosmetics-ը հայտարարել է, որ ձգտելու է ամեն ինչ անել բրենդի ներսում էթնիկ բազմազանությունը խթանելու համար:

Անցյալ շաբաթ Շարոն Չուտերը սկսել էր #PullUpOrShutUp արշավը՝ խնդրելով կոսմետիկ ընկերություններին բացահայտել իրենց ընկերությունում սևամորթ աշխատակիցների թիվը։

«Դա բրենդներին խայտառակելու համար չէ, այլ ազնիվ հաղորդակցության համար, որը մտածելու տեղիք կտա, թե ինչպես կարող ենք ավելի ճիշտ գործել»,- ասել էր նա։