Ջենիֆեր Լոպեսը հայտնել է, որ 12-ամյա որդին իրեն խրախուսել է բարձրաձայնել Ջորջ Ֆլոյդի մահվան մասին

Հայտնի երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնել է, որ 12-ամյա որդին՝ Մաքսը, իրեն խրախուսել է բարձրաձայնել ԱՄՆ-ում ոստիկանի գործողությունների հետևանքով սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի մահվան մասին, գրում է E! News-ը։

Հանրահայտ երգչուհին խոստովանել է, որ զույգ երեխաների՝ Մաքսի և Էմմիի հետ անկեղծ զրույցներ է ունեցել Black Lives Matter միջազգային շարժման և բողոքի ցույցերի վերաբերյալ։

Երգչուհու խոսքով՝ 12-ամյա որդին իրեն խնդրել է աջակցել շարժմանը և բարձրաձայնել Ջորջ Ֆլոյդի մահվան մասին։

«Մենք խոսեցինք այն մասին, որ եթե մեկը զրկված է արդարությունից, ապա արդարությունից զրկված ենք բոլորս։ Այս երկիրը հիմնվել է բոլորի համար հավատքի ազատության և արդարության վրա։ Մենք պետք է պաշտպանենք այն, ինչին հավատում ենք, և պայքարենք անարդարության դեմ»,- գրել է երգչուհին։

Լոպեսը նաև կոչ է արել մարդկանց մասնակցել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին։

«Ինչպե՞ս կարելի է ասել, որ սիրում ես այս երկիրը, և ոչինչ չանել, երբ մարդուն իր մաշկի գույնի պատճառով զրկում են կյանքից։ Մենք պետք է ջնջենք վախն ու ատելությունը, այլ ոչ թե մարդկանց։ Մենք բոլորս Աստծո զավակներն ենք»,- հավելել է երգչուհին։