Ջեյմի Ֆոքսը, Չենինգ Տատումը և այլ հայտնիներ մասնակցել են Ջորջ Ֆլոյդի հուղարկավորությանը, իսկ երգիչ Ne-Yo-ն ելույթի ընթացքում չի կարողացել զսպել արցունքները (լուսանկարներ)

Մի շարք հայտնիներ, այդ թվում՝ դերասաններ Ջեյմի Ֆոքսը, Չենինգ Տատումը և Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) աստղերը, ներկա են գտնվել Հյուսթոնում աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությանը, գրում է Daily Mail-ը։

Ինչպես հաղորդվում է, ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հուղարկավորության ժամանակ տեսակապով ելույթ է ունեցել, իսկ երգիչ Ne-Yo-ն ելույթի ընթացքում չի կարողացել զսպել արցունքները։

Ոստիկանի դաժան գործողություների հետևանքով մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հուղարկավորությանը մասնակցել են նաև Հյուսթոնի քաղաքապետ Սիլվեստր Թերները, կոնգրեսականներ էլ Գրինը և Շելիա Ջեքսոն Լին:

«Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ne-Yo-ն ասել է, որ Ջորջ Ֆլոյդի մահը «փոխել է աշխարհը», ապա կատարել Ջորջ Կուրտիս Քեմերոնի՝ «Այդքան դժվար է հրաժեշտ տալ վաղվան» երգը։ Երգիչը մի քանի անգամ կանգ է առել՝ փորձելով զսպել արցունքները։

Ֆլոյդի մարմինը դեպի Հյուսթոնի Memorial Gardens գերեզմանատուն են ուղեկցել Հյուսթոն քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները: Գերեզմանատան ճանապարհի վերջին մեկ մղոնը Ֆլոյդի մարմինը տարել են ձիակառքով: Ֆլոյդի ընտանիքն ու հուղարկավորության մյուս մասնակիցների մեծամասնությունը սպիտակ զգեստներ են կրել։

Սևամորթ տղամարդը սպանվել է մայիսի 25-ին Մինեապոլիս քաղաքում, երբ ձերբակալության ժամանակ նախկին ոստիկան Դերեկ Չաուվինը ավելի քան 8 րոպե ծնկով սեղմած է պահել վերջինիս պարանոցը, ինչի հետևանքով նա մահացել է: