«Լրջորեն սկսեցի յոգայով զբաղվել»․ Յաննա Գաբրիելյանի հագեցած կարանտինն ու չեղարկված կարևոր պլանները

Թատրոնի և կինոյի դերասանուհի Յաննա Գաբրիլյանն այժմ եթերային զբաղվածություն չունի, սակայն հասցնում է աշխատել երկու տեղում։ Դերասանուհին դասավանդում է Երևանի մշակույթի պետական քոլեջում և նաև դրան զուգահեռ աշխատում է Աբելյան արվեստի ստուդիայում։

ShowBiz.am-ի հետ զրույցում Յաննան պատմեց իր կարանտինային առօրյայից, անդրադարձավ իր համար փորձություն հանդիսացող օնլայն դաընթացներին, ինչպես նաև խոսեց իր չեղարկված պլաններից ու առաջիկա ծրագրերից։

«Քանի որ ես շատ ակտիվ ապրելակերպ եմ վարում, կարանտինի սկզբում շատ ծանր էի տանում տանը փակված լինելու հանգամանքը։ Աշխատելով երկու տեղում՝ օրս այնպես էիդասավորել, որ տանը լինելու համար գրեթե ժամանակ չէի ունենում։Առավոտյան 9-ին տանից դուրս էի գալիս, մի աշխատանքս ավարտում էի և վազում մյուսին, ու այդպես միայն երեկոյան 8-9-ին նոր վերադառնում էի տուն։ Ու օրս այնքան հագեցած էր լինում, ակտիվ, անընդհատ ուսանողների հետ, որ ես հաճախ ժամանակ չէի ունենում ինքս ինձ տրամադրելու համար»,- պատմում է դերասանուհին, ապա հավելում․«Ու այս ամենի պատճառով շատ կուտակված գործեր ու պլաններ ունեի, ցանկություն կար գնալ սպորտի, գնալյոգայի, ուզում էի այսինչ գիրքը կարդալ կամ ֆիլմը դիտել, բայց երբեք ժամանակ չէի գտնում։ Անընդհատ այդ ամենը թողնում էի հետոյի․․․ Սակայն չեմ դժգոհում այսչափ ակտիվությունից, քանի որ այն ինձ միշտ դուր է եկել ու դարձել է իմ կենսակերպը։ Ու երբ ասացին, որ մենք պետք է ամբողջ օրն անցկացնենք տանը՝ ամեն ինչից ու ամենքից ինքնամեկուսացած պայմաններում, սթրեսի մեջ էի ընկել։ Սկզբի մի քանի օրը տեղս չէի կարողանում գտնել, բայց հետո սկսվեցին օնլայն դասերը, որը, պիտի նշեմ, ինձ համար ևս սթրես էր, քանի որ ինձ համար անսովոր էր այդպիսի ձևաչափում դասավանդելը, մանավանդ, որ իմ առարկաներն այնպիսին են, որ առցանց անցկացնելը, մեղմ ասած, շատ բարդ է։ Սա ևս ինձ համար շատ մեծ փորձ էր ու, կարելի է ասել, դժվարությունները հաղթահարելու մի նոր մակարդակ։ Այս հարցում բախտս բերել էր նաև ուսանողների հարցում, քանի որ նրանք այնպես համախմբվեցին այս ընթացում և միմյանց սատարեցին, որ տպավորություն էր, կարծես, շուրջը ոչինչ էլ չի կատարվում, ու մենք ապրում ենք մեր բնականոն կյանքը»։

Դերասանուհու կարանտինային առօրյայում դժվարություններ եղել են սկզբի մի քանի օրերի ընթացքում, իսկ դրանից հետո Յաննան իր համար օգտակար և հետաքրքիր զբաղմունքներ է գտել։ «Երբ հասկացա, որ տանից այլևս չեմ կարող դուրս գալ ու դրա պատճառով ամբողջ օրս անցկացնում էի համակարգչի դիմաց, զգացի, որ ողնաշարի ցավեր եմ ունենում ու գիտակցեցի, որ այդպես չեմ կարող երկար շարունակել, դրա համար էլ Յութուբով գտնում էի պարի ուսուցման դասեր և տան պայմաններում փորձում էի դրանում վարպետանալ, դրա հետ մեկտեղ լրջորեն սկսեցի յոգայով զբաղվել, ես ամեն օր 20 րոպեից մինչև կես ժամ ժամանակ էի հատկացնում դրան, որից հետո արդեն վերացան և՛ ցավերը, և՛ օրվա ընթացքում ինձ ավելի առույգ ու կենսախինդ էի զգում։ Ինչպես նաև, երբ արդեն թույլատրվում է դուրս գալ փողոց, ես միայնակ դուրս էի գալիս զբոսնելու այգում ու արդեն նկատում էի բաներ, որոնց առաջ ուշադրություն չէի դարձնում, այդ ամենը տեսանկարահանում էի, գեղեցիկ ձևափոխում ու տեղադրում համացանցում»,- կիսվում է Յաննա Գաբրիելյանը։

Դերասանուհու համար կարանտինը առանձնացել ու հիշվել է ոչ միայն տանը փակված լինելով, այլ նաև մի շատ կարևոր ծրագրի խափանմամբ․ «Մայիսի սկզբին իմ ծննդյան օրն էր, և այս տարին ինձ համար հոբելյանական էր, ես դառնում էի 35 տարեկան։ Որոշել էի այդ օրը այլ կերպ նշել, ընկերուհուս հետ պլանավորել էինք երկուսով գնալ Վրաստան։ Ես եղել եմ Վրաստանի բոլոր ափամերձ շրջաններում, վայելել եմ ծովային հանգիստը, սակայն երբեք ժամանակ չեմ անցկացրել Թբիլիսիում, այնպես որ պատրաստվում էինք դեպի Վրաստան ուղևորություն կազմակերպել։ Ցանկություն կար ինչ-որ նոր բան անելու, անպայման ուզում էի այդ օրը յուրովի, նախորդներից տարբերվող ձևով անցկացնել։  Սակայն չեմ բողոքում, քանի որ շատ հետաքրքիր օր եմ ունեցել․ ծնողներիս հետ տանն եմ նշել ծննդյանս օրը, նաև ընկերուհիներիցս մեկն էր եկել, քանի որ չէր կարելի մարդաշատ խնջույքներ կազմակերպել։ Անմոռանալի օր եմ ունեցել, քանի որ բոլոր ընկերներս գիտեին, որ այդ օրվան երկար եմ սպասել ու դեռ կեսգիշերից ինձ շնորհավորում, ուրախացնում ու ծաղիկներ էին ուղարկում»։

Յաննան կարանտինի ընթացքում հասցրել է կարոտել իր ընկերներին ու իրենց ջերմ ու մտերմիկ հանդիպումներն ու զրույցները․ «Այնպես է ստացվել, որ իմ բոլոր ընկերուհիները բնակվում են քաղաքի տարբեր մասերում և կարանտինի ընթացքում իրար տեսնելու հնարավորությունը հասել էր մինիմալի։ Նրանց շատ-շատ էի կարոտել, մեր զրույցներն ու հանդիպումները։ Ճիշտ է՝ հիմա քաղաքի բոլոր սրճարանները բաց են, բայց մենք վախենում ենք մեր առողջության համար, քանի որ չգիտենք՝ արդյո՞ք պահպանվում են բոլոր կանոններն ու հրահանգները»։

Շատերն այս ընթացքում տանը լինելով, իրենց «շռայլություն» էին թույլ տալիս ամեն օր չհարդարվելու կամ խնամված տեսք չունենալու համար, բայց  այս առումով դերասանուհու «բախտը ևս չի բերել», քանի որ ամեն օր Յաննան անցկացրել է օնլայն դասընթացներ և «հանդիպել» իր ուսանողների հետ․ «Ու դա ևս մի մեծ շարժիչ ուժ էր, որպեսզի ես միշտ խնամված տեսք ունենայի ու ինձ «բաց չթողնեի»։ Իմ ամեն օրվա առօրյայի մաս է դարձել լվացվելուց հետո մաշկը խնամելը, դիմահարդարվելն ու մազերը հարդարելը»։

Ամառն ու արևը ասոցացվում են հանգստի ու նոր տեղեր մեկնելու ու բացահայտումներ անելու հետ։ Մինչ այս իրավիճակը դերասանուհին պլաններ է ունեցել այս տարի հանգստանալու նպատակով մեկնել Եգիպտոս։ Սակայն, հաշվի առնելով այս իրավիճակը, դժվար թե այս պայմաններում հնարավոր լինի այն իրականացնելը․«Այնպես որ՝ մտածում եմ հաստատ մի քանի օր ժամանակ գտնեմ անցկացնելու Հայաստանի մի գողտրիկ անկյունում։ Ամենայն հավանականությամբ՝ կայցելեմ ընկերուհուս տատիկի գյուղ կամ հարևանուհիս ամառանոց ունի, որտեղ հանգստանում է, կարող է՝նաև ես միանամ ու մի քանի օր ընկերակցեմ իրեն։ Բայց հաստատ ինչ-որ մի տեղ կմեկնեմ, քանի որ ամբողջ օրը տանը՝ նույն մթնոլորտում անցկացնելը, օրեցօր դառնում է ավելի անհնար ու ճնշող։ Այն ժամանակ, երբ տանը չէի լինում, չէի նկատում, որ անընդհատ նույն օրն եմ ապրում, բայց հիմա, երբ ամբողջ օրը տանն եմ, հասկանում եմ, որ փոփոխություններն ու նոր գույները մեզ բոլորիս շատ անհրաժեշտ են»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան