«3 տարի միասին»․ի՞նչ խենթ անակնկալներ է մատուցել Սիլվա Հակոբյանին ամուսինը

Այսօր երգչուհի Սիլվա Հակոբյանի ընտանիքում կարևոր տոն է․Սիլվան և Նորայր Մանուկյանը նշում են իրենց ամուսնության 3-ամյակը։
Showbiz.am կայքի հետ զրույցում երգչուհին պատմում է իր և ամուսնու հարաբերությունների, այս տարիների ընթացքում ստացած գեղեցիկ նվերների ու անակնկալների մասին։
Սիլվան նշում է, որ այսօր դեռ նվեր չի ստացել ամուսնուց, սակայն դեռ օրն առջևում է, միգուցե լինեն անակնկալներ։
«Ճիշտն ասած, դեռ օրն առջևում է, ինքն էլ աշխատանքի մեջ է, բայց հաշվի առնելով ներկայիս կարանտինային պայմանները՝ եթե նվեր չլինի էլ, չեմ նեղանա։
Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ վիճակ է։ Առհասարկ ամեն տարի ինչ-որ հետաքրքիր ձև կազմակերպել ու նշել ենք այս օրը, բայց այս տարի, հանգամանքներից ելնելով, կլինենք տանը»,-պատմում է երգչուհին։

Սիլվան նշում է, որ ամուսինը շատ նրբանկատ ու ռոմանտիկ է ու հաճախ է իրեն զարմացնում յուրահատուկ անակնկալներով ու նվերներով։
Երգչուհին մտաբերում է այն բոլոր խենթ արարքները, որոնք ամուսինն այս տարիների ընթացքում արել է իր համար։

«Ինքը շատ ռոմանտիկ է, ու երբ դեռ ընկերություն էինք անում, ինձ սեր խոստովանեց՝ շատ բարձր գոռալով։ Շատ է տպավորվել դա մեջս։
Նաև փետրվարի 14 -ին անակնկալ արեց․ իր ձեռքով շատ գեղեցիկ սեղան էր պատրաստել՝ փուչիկներով, մոմերով, ծաղիկներով ու նվերներով։
Շատ զավեշտալի դեպքեր էլ են եղել։ Սկզբնական շրջանում, երբ դեռ մեր տուն չէր գնում-գալիս, նա քաղցրավենիքներ էր բերում ու իմ պատուհանից ներս գցում․ մի անգամ էլ այդպես արեց ու մեկ էլ այդ պահին մայրիկս մտավ ներս։ Շատ ծիծաղելի իրավիճակ ստեղծվեց»,- ժպիտով հիշում է նա։

Երգչուհին իր կրեատիվությամբ չի զիջում ամուսնուն և նույնպես միշտ փորձում է ուրախացնել սիրելիին գեղեցիկ անակնկալներով։

«Ես էլ ամեն անգամ փորձում եմ գեղեցիկ անակնկալ անել։ Վերջերս իր ծննդյան օրն էր ու խիստ կարանտինային ռեժիմ էր, տնից դուրս գալ չէր լինում, բայց ես նրան ուրախացրի տորթով ու նվերով։ Շատ ուրախացավ, որովհետև անսպասելի էր։
Բայց ամեն տարի՝ իր ծննդյան տոնին, այնպես եմ անում, որ ուրախանա, օրը դառնա հիշարժան, նվեր եմ մատուցում, գաղտնի կերպով հարազատներին եմ հավաքում, որովհետև ծննդյան տոնը նշելու սեր չունի»,-ասում է Սիլվան։

Երգչուհին խոստովանում է, որ իրենց միջև ռոմանտիզմը դեռ չի կորել, և նույնիսկ հիմա իրար գեղեցիկ նվերներ են մատուցում՝ բաց չթողնելով ոչ մի առիթ։

Նշենք, որ ամուսնական երրորդ տարին անվանվում է կաշվե հարսանիք:
Ասում են, ավանդույթի համաձայն, ամուսինները պետք է ներեն բոլոր անցած վիրավորանքները, մոռանան նեղվածությունները, ազատվեն այն հին իրերից, որոնք կարող են հիշեցնել կռիվների և վեճերի մասին:

Խոսելով ամուսնու թերությունների մասին՝ Սիլվան ասում է․ «Կարծում եմ, որ անթերի մարդ չկա։ Մինչ ամուսնանալը, թվում է, որ ամեն ինչ հեքիաթային ու թեթև է, բայց երբ ամուսնանում ես, թե՛ իր, թե՛ քո մոտ բնավորության շատ գծեր են բացահայտվում, բախումներ են տեղի ունենում, բայց պետք է  յուրաքանչյուր պահի հիշել, որ պետք չէ կորցնել ինքնատիրապետումը, որովհետև ընտանիքը սուրբ բան է։
Եթե խորանի առջև խոստում եք տվել միշտ լինել միասին, ապա պետք է այդ խոստումը վեր դասել յուրաքանչյուր վեճից ու խնդրից։ Իսկ երբ ծնվում է  բալիկը, ամեն ինչ ավելի է հարթվում։ Ես էլ, ամուսինս էլ ունենք թերություններ, կարևորն այն է, որ միմյանց ընդունում ենք այնպիսին, ինչպիսին որ կանք»։

Ամուսնության 3-ամյակի կապակցությամբ Սիլվան որոշեց խոստովանել, թե ամուսնու բնավորության մեջ որ գծերն է սիրում։

«Ամենաշատը նրա մեջ ինձ դուր է գալիս իր ուշադրությունը։ Վեճերից հետո երբեք քեն չի պահում, խնդիրներից երբեք չի հուսահատվում։
Միշտ ձգտում է ավելիին ու շատ աշխատասեր է․ շատ կարևոր է, երբ տան գլխավորը՝ հայրը, միշտ աշխատում է, ես դա շատ եմ գնահատում։

Իսկ իմ մեջ նա գնահատում է լավատեսությունը։ Շատ անգամներ, երբ ինչ-որ բան է լինում, որ կասկածի տեղիք է տալիս, միշտ համոզված ասում եմ՝ լավ կլինի։ Փառք Աստծո, լավ է լինում, ինքն էլ միշտ ասում է՝ ի՞նչ իմացար»,- ժպիտով կիսվում է Սիլվան։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան