Գերմանացի զույգը ճամփորդում է աշխարհով մեկ՝ վերստեղծելով ֆիլմերից հայտնի կադրերը (լուսանկարներ)

Գերմանացի Ռոբին Լաչեյնն ու Ջուդիթ Շնայդերն իրենց ուշագրավ հոբբիի շնորհիվ հայտնվել են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Զույգը ճամփորդում է աշխարհով մեկ ու  տարբեր ֆիլմերում ներկայացված հայտնի տեսարանները վերստեղծում նույն վայրերում:

Ինչպես նշում է Oddity Central-ը, 31-ամյա Ռոբինն ու 30-ամյա Ջուդիթն այս հոբբիով զբաղվում են արդեն վեց տարի: Սկզբում նրանք դա անում էին միայն իրենց համար, սակայն ժամանակի ընթացքում գիտակցել են, որ կարող են ճանաչում ստանալ սոցկայքերում, մասնավորապես՝ Instagram-ում, որտեղ այժմ տասնյակ հազարավոր հետևորդներ ունեն:

Զույգը պատմել է, որ նախապատվություն է տալիս լավ ու հայտնի ֆիլմերին:

Ռոբինի և Ջուդիթի խոսքով՝ այս ամենը կարող է շատ հեշտ ու պարզ բան թվալ, սակայն իրականում այդպես չէ: Օրինակ՝ հայտնի ֆիլմից որևէ կադր վերստեղծելու համար խանգարում է եղանակը, կադրում հայտնվող պատահական անցորդները, ֆիլմի նկարահանումներից ի վեր կադրում որոշ դետալների փոփոխությունը:

Զույգը նաև նշել է, որ իր նկարներում փորձում է նվազագույնի հասցնել «Ֆոտոշոփ» ծրագրի կիրառումը: Նրանց խոսքով՝ «Ֆոտոշոփը» օգտագործում են միայն լուսանկարների գույնը շտկելու համար։