«Ամբողջական դրույքով մայր եմ և աշխատանքի չարաշահմամբ՝ տնային տնտեսուհի»․ ինչպե՞ս է կարանտինը փոխել Արաքսյա Մելիքյանի կյանքը

Կարանտինի հետևանքով բոլորի կյանքը գլխիվայր շորջվել է․ շատերը դժվարությամբ են հարմարվում ինքնամեկուսացման պայմաններին ու անհամբեր սպասում են այն օրվան, երբ կկարողանան վերադառնալ իրենց կյանքի նախկին ռիթմին, գործերին ու ծրագրերին։
Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանուհի Արաքսյա Մելիքյանը պատմում է՝ ինչպես է անցնում իր կարանտինային առօրյան փոքրիկների, ամուսնու հետ և ինչպես է ինքը պայքարում վիրուսի դեմ։

Դերասանուհի Արաքսյա Մանուկյանը նշում է, որ կարանտինի ընթացքում շատ բան է փոխվել իր կյանքում։
«Զուտ աշխատաժամերս են կարգին կրճատվել․ դարձել եմ «կես դրույքով» մանկավարժ, «ամբողջական դրույքով» մայր, և «աշխատանքի չարաշահմամբ» տնային տնտեսուհի։
Անշուշտ այս վիրուսը մեծագույն չարիք էր, որ կախվեց մարդկության գլխին,և պայքարի մեթոդները աշխատում ենք պահպանել և ենթարկվել նշված կանոններին»,– նշում է նա։

Դերասանուհին հավատացնում է, որ կարանտինի ընթացքում ձանձրանալու ժամանակ նա չի ունենում։

«Ամեն հնարավոր բանով ինձ զբաղեցնում եմ, և պարզվում է՝ «գործն է անմահ, լավ իմացեք», այնքան բան կա անելու, որ թերևս, տան մեջ անգամ բացականչում եմ՝ ես ժամանակ չունեմ: Նկարում եմ, աղջկաս տիկնիկների համար զգեստներ կարում, վիդեո և ֆոտո արխիվս եմ վերականգնում, կարդում և ամենակարևորը՝ երեկոյան պարտադիր 1,5 ժամ քայլում ( ոչ կարանտինային վիճակում, միշտ խուսանավելու պատճառներ էի փնտրում)»,- պատմում է Արաքսյան:

Արաքսյան նաև նշում է, որ իմունիտետի բարձրացման բոլոր մեթոդներին նա ծանոթ էր և խստորեն հետևում էր մինչ համաճարակի սկսվելը։

«Ես ունեմ 2 երեխա, մասնագիտությունս՝ դերասանուհի, որի «առողջ» ձայնն աշխատանքային գործիք է։
Ի՞նչ եք, կարծում այս վիրո՞ւսն է, որ պիտի ինձ սովորեցներ նոր-նոր մտածել իմունիտետի մասին։ Երեխաներիցս հարցրեք և կլսեք իմ «կտտանքների» մասին (կես կատակ,կես լուրջ)։ Միանշանակ իմ տան առաջնային մթերքներն են անարատ մեղրը, լիմոնը, դարչինը, ես իմբիրի քամած հյութ ունեմ իմ սառնարանում, որը պարզվում է՝ հիմա ամենաթանկ մթերքն է, և կոնֆետի նման ասկորբինկաներ։ Երբեք շատ տաք չենք հագնվել և տունն էլ առանձնապես ջերմոց չենք սարքում»,- պատմում է դերասանուհին։

Իր խոսքը Արաքսյան եզրափակում է՝ ասելով, որ կարանտինից ամենից շատ նեղվում են տան փոքրիկները, որոնց համար ինքնամեկուսացումն այդքան էլ հեշտ բան չէ․ «Փոքրիկներս ամենախոցելի մեր թեման են, շարժուն, ձայնավոր երեխաները ստիպված են դիմանալ մեր՝ խաղաղության ձգտող ճնշմանը։ Բայց ժամանակ առ ժամանակ բակում վազվզում են՝ պահպանելով թույլատրելի սահմանները: Հիմա երեկոյան ընտանիքով սիրով նայում ենք «Անատոլիական պատմությունը», որտեղ և՛ ես ,և՛ ամուսինս մասնակցություն ունենք»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան