«Չեմ հասկանում՝ ինչպես շարունակեմ ապրել»․ դերասան Միխայիլ Եֆրեմովը ողբերգական ավտովթարից հետո դիմել է զոհի ընտանիքին (տեսանյութ)

Ռուսաստանում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր դարձած դերասան Միխայիլ Եֆրեմովը տեսանյութ է հրապարակել, որում զոհի` Սերգեյ Զախարովի ընտանիքից ներողություն է խնդրում կատարվածի համար։

Տեսանյութն արդեն հրապարկվել է յութուբյան «Գրաժդանին պոետ» տեսաալիքում։

«Արդեն չորս օր է անցել այդ անիծված երկուշաբթվանից։ Չգիտեի՝ ինչ ասել, հիմա էլ չգիտեմ։ Չգիտեմ՝ ինչպես և ինչ բառերով ներողություն խնդրել Սերգեյ Զախարովի ընտանիքից։ Սակայն ես խնդրում եմ, թեև գիտեմ, որ չեն ների»,- նշել է Եֆրեմովը և հայտնել զոհի ընտանիքին ֆինանսապես աջակցելու մտադրության մասին, եթե, իհարկե, նրանք ընդունեն օգնությունը։

Դերասանը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ այդպիսով չի ցանկանում արդարանալ, այլ իր միակ նպատակը պարզապես «մեղքը քավելն է»։

«Չեմ հասկանում՝ ինչպես շարունակեմ ապրել, երբ պատահարի հետևանքով անմեղ մարդ, լավ տղամարդ, իմ հասակակից մեկն է մահանում, երբ նրա ընտանիքում այդպիսի սուգ է»,- ասել է դերասանը և հերքել այն լուրերը, թե միջոցներ է ձեռնարկել «ջրից չոր դուրս գալու համար»։

Ավելի ուշ զոհվածի ընտանիքը հայտարարել է, որ չի պատրաստվում նյութական օգնություն ընդունել դերասանից։

Հիշեցնենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հունիսի 8-ին, Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Եֆրեմովի վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Lada մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը մահացել է։ Ավելի ուշ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել դերասանի դեմ։