«Ինչո՞վ արվեստի մարդիկ ապրեն՝ ոչ մեկի հետաքրքիր չէ»․ Ջուսի անկեղծ զրույցը՝ սահմանափակումների, չեղարկված ծրագրերի ու կարանտինային առօրյայի մասին

Ինչպես ներկայացրել էինք ավելի վաղ, երեսունից ավելի երգիչներ ու երաժիշտներ բաց նամակ էին հղել Նիկոլ Փաշինյանին ու Տիգրան Ավինյանին՝ խնդրելով իրենց հնարավորություն ընձեռել աշխատել ու բացել ակումբները, ռեստորանները, որտեղ երգիչների մեծամասնությունը մշտական ելույթներ են ունենում։ Այդ հայտնի մարդկանց թվում է նաև երգչուհի Ջուսը, ով Showbiz.am-ի հետ զրույցում պատմել է արվեստագետների աշխատանքից զրկվելու, իր չեղարկված համերգային շրջագայության, հետաձգված պրեմիերաների ու տնային մեկուսացման մասին։

«Ամեն ինչ ավելի քան տխուր է, և ոչ մեկ չի պատկերացնում երգիչների, հանդիսավարների, դերասանների և պարողների վիճակը։ Հիմա ոչ մի համերգ, ելույթներ ու միջոցառումներ չկան։ Բոլոր ակումբները փակ են, բացօթյա շոուներ էլ չկան, ամեն ինչ արգելված է։ Արվեստի մարդիկ մնացին անգործ, և դրա դիմաց ոչ մեկը չի փոխհատուցվել կառավարության կողմից։ Եթե մարդուն զրկում են գործից, ապա նրան պետք է պետությունը ապահովի, մինչև այդ մարդը կանցնի աշխատանքի։ Ինչո՞վ արվեստի մարդիկ ապրեն՝ ոչ մեկի հետաքրքիր չէ։ Դա է այսօրվա մեծ խնդիրը, և աշխատում են այս խնդիր վրա ուշադրություն չդարձնել»,- պատմում է երգչուհին։

Մեր նախորդ հարցազրույցում, որն անցկացվել էր մինչև համավարակը, Ջուսը նշել էր, որ նորություններ է պլանավորում ներկայացնել այս տարվա ընթացքում։ Ցավոք, դրանք հետաձգվեցին այս իրավիճակի պատճառով․ «Ես ունեմ երկու նոր երգ, որոնցից մեկը դուետ է՝ շատ հետաքրքիր ու էմոցիոնալ։ Այն երգիչ Սեգոյի հետ է, բայց եթե այս վիճակը շարունակվի ու արվեստի գործիչները չկարողանան աշխատել, կարծում եմ, այս տարի պրեմիերաները չեն կայանա ու կսպասենք հաջորդ, հուսով եմ՝ ավելի հաջող տարվան»։

Խոսելով չեղարկված համերգների ու նախագծերի մասին՝ երգչուհին նշում է․ «Պետք է համերգների մեկնեի Ռուսաստան և Եվրոպա, բայց ամեն ինչ չեղարկվեց։ Ոչինչ, մյուս անգամ արդեն ամեն ինչ նորմալ կլինի»։

Այս ընթացքում ազատ ժամանակը բոլորի կյանքում մի փոքր ավելացել է, ու մարդիկ այն օգտագործում էին յուրովի, իսկ Ջուսն էլ իր հերթին ժամանակը ծախսել է հօգուտ իրեն․ «Ես սկսեցի ավելի լավ ինձ ճանաչել, խորացա իմ մեջ, սկսեցի հասկանալ, թե ինչ եմ ուզում այս կյանքից, ինչքանով եմ ես այս կյանքում ճարպիկ։ Մի խոսքով, նորովի ծանոթացա ինքս ինձ հետ։ Հասկացա, որ ունեմ կամքի մեծ ուժ, կարողանում եմ համբերել և լինել խելացի, ինչը ինձ երբեմն խանգարում է։ Որքան խելացի ես գտնվում ու հասկանում այն ամենն, ինչ կատարվում է քո շուրջ, այնքան ավելի բարդ է դառնում ապրելը։ Չնայած, լավատեսությունը և փիլիսոփայությունը միշտ օգնում են դուրս չգալ ափերից։ Այս ընթացքում ու մինչ այդ էլ միշտ տնային պայմաններում պարապում եմ՝ սպորտով եմ զբաղվում։ Բայց այս ընթացքում կարողացա մարմինս բերել ճիշտ տոնուսի, ինչն ինձ շատ է ուրախացնում, որովհետև առաջ ժամանակ քիչ ունեի այս ամենի համար»։

Խոսելով մարդկանց վրա տնային մեկուսացման ազդեցության մասին՝ երգչուհին շեշտում է․ «Տնային մեկուսացումն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Կան մարդիկ, որոնց պարագայում տնային մեկուսացումը խախտել է նրանց ներքին աշխարհը ու տանում է դեպի դեպրեսիա։ Իսկ մարդիկ էլ կան, որ այդ մեկուսացումը օգտագործում են որպես անհատ ու անձնավորություն իրենց աճի ու զարգացման վրա»։

Ջուսն անհամբեր սպասում է վիրուսի նահանջին ու համընդհանուր սահմանափակումների վերացմանը։ Հարցին, թե ինչ սպասենք իրենից, երբ այլևս ամեն ինչ կկարգավորվի, պատասխանում է․ «Իհարկե նոր նախագծեր, նոր էմոցիաներ ու նոր Ջուս»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան