«Նրանք հավասարվեցին զրոյի»․ ի՞նչն է հունից հանել Արամեին

Երգիչ Արամեն իր միկրոբլոգում հրապարակում է կատարել, որտեղ խոսել է այսօր՝ Ազգային ժողովի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում, ոստիկանների կողմից բերման ենթարկված հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ, Պեկինի Ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի մասին։
«Ես խիստ դատարպարտում եմ նման գործողությունները աշխարհի չեմպիոնի նկատմամբ: Մարդու, ով Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերև, ծնկի բերել հակառակորդներին՝ այդ թվում նաև թշնամի հակառակորդներին: Սա նշանակում է, որ Հայաստանում այլևս չկա հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի»,- գրել է երգիչը՝ նշելով, որ սա իր անձնական կարծիքն է ու պետք չէ քաղաքականացնել։

Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը, անդրադառնալով Ռոման Ամոյանին բերման ենթարկելու դեպքին, հայտնել է, որ իրենց համար քաղաքացին քաղաքացի է։
«Անունը չգիտեմ, մենք տեղյակ չենք` ինքն ով է, և մեզ համար քաղաքացին քաղաքացի է։ Նա հավաքի վայրը լքելու մեր պահանջին չենթարկվեց, ինչի համար էլ նրան բերման ենթարկեցինք»,– մեջբերում է Խուդինյանին armeniasputnik.am-ը։ Հարցին, թե ճի՞շտ էր աշխարհի չեմպիոնին բերման ենթարկելիս ասֆալտին փռելը, Խուդինյանը հայտնել է, որ Ամոյանը դիմադրություն է ցույց տվել, ինչի համար էլ ոստիկանները նման քայլի են դիմել։