Նոր Զելանդիայում վերսկսվել են «Ավատար 2»-ի նկարահանումները․ համացանցում է հայտնվել նկարահանման հրապարակից առաջին կադրը (լուսանկար)

Ամերիկացի պրոդյուսեր Ջոն Լանդաուն Ինստագրամում տեղադրել է օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի երկրորդ մասի՝ Նոր Զելանդիայում վերսկսված նկարահանումների առաջին լուսանկարը: Հունիսի սկզբին հայտնի էր դարձել, որ ռեժիսորը վերադարձել է երկիր, որպեսզի շարունակի աշխատանքը, որը դադարեցվել էր մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«iPhone հեռախոսովս արել եմ «Ավատարի» շարունակության նկարահանումները վերսկսելուց հետո առաջին լուսանկարը»,- գրել է Լանդաուն:

Պրոդյուսերը նշել է նաև այն վայրը, որտեղ այժմ աշխատում են Քեմերոնը և նրա թիմը՝ Վելինգթոնի Stone Street Studios կինոստուդիան:

Մինչ նկարահանումների վերսկսումը, բոլոր ժամանածները 14 օր գտնվել են տեղական իշխանությունների հսկողության ներքո: Ֆիլմի շարունակության ստեղծողները դեռևս չեն հայտնել, թե կոնկրետ ով է երկիր ժամանել ռեժիսորի հետ։ Հայտնի է, որ Լոս Անջելեսից Վելինգթոն թռչող օդանավում 54 ուղևոր է եղել:

«Ավատար» ֆիլմի շարունակության 4 մասերի նկարահանումները սկսվել են 2017 թվականից՝ ավելի քան 1 մլրդ դոլար ընդհանուր բյուջեով: Յուրաքանչյուր ֆիլմը կարժենա մոտ 250 մլն դոլար: Նկարահանումներն ընթանում էին Նոր Զելանդիայում, և օրերս այդ երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների չեղարկման ֆոնին ֆիլմի նկարահանումները վերսկսվել են։

Ավելի վաղ հայտարարվել էր յուրաքանչյուր ֆիլմի թողարկման ամսաթիվը, որի համաձայն՝ «Ավատար 2»-ը կթողարկվի 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, «Ավատար 3»-ը՝ 2023 թվականի դեկտեմբերին, «Ավատար 4»-ը՝ 2025 թվականի դեկտեմբերին և «Ավատար 5»-ը՝ 2027 թվականի դեկտեմբերին։

Գլխավոր դերերում հանդես կգան Սեմ Ուորթինգթոնը, Զոյի Սալդանան, Սիգուրինի Ուիվերը և Մուռ Ջոելը։