Իսրայելը կարանտինի կանոնների խախտման համար երկրից արտաքսել է ամերիկացի միլիարդատիրոջ որդուն

Իսրայելի իշխանությունները հայտարարել են ամերիկացի մեդիա մագնատ Շարի Ռեդսթոունի որդուն կարանտինային կանոնների խախտման համար երկրից արտաքսելու մասին:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, երիտասարդի խախտումը եղել է իր մոդել ընկերուհուն գաղտնի այցելելը:

Իսրայելի բնակչության և միգրացիայի հարցերով վարչության փոխանցմամբ՝ իրենք Բրենդոն Քրոֆին երկիր մուտք գործելու բացառիկ իրավունք են տվել, որպեսզի վերջինս հանդիպի Իսրայելի բանակում ծառայող եղբորը:

Սակայն Քրոֆը խախտել է կարանտինային կանոններն ու երկիր մուտք գործելուն պես գնացել ընկերուհու մոտ ու նրա հետ նույն բնակարանում մնացել: Այս մասին տեղեկանալուց հետո իշխանությունները միլիարդատիրոջ որդուն կարգադրել են անհապաղ լքել երկիրը:

Հայտնի է, որ արտասահմանից Իսրայել ժամանողները պետք է երկու շաբաթ կարանտինում մնան: