Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը բողոքել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո իր մոտ հիվանդության ախտանշանները լիովին չեն անցել․ բրիտանացի թագաժառանգի մոտ չեն վերականգնվել համի և հոտի զգացողությունները, հայտնում է BBC News-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ուելսի արքայազնն անգլիական Գլոսթեր քաղաքի պետական հիվանդանոց կատարած այցի ժամանակ իր վիճակի մասին խոսել է բուժաշխատողների հետ։ Նշվում է, որ այցելության ընթացքում նրան ուղեկցել է կինը՝ Քոռնուոլի դքսուհի Կամիլլան․ ամուսինները երկրում կորոնավիրուսի համավարակից հետո առաջին անգամ են համատեղ հանրային այց կատարել։
Բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ արքայազնը «պատմել է, որ կորցրել է համի ու հոտի զգացողությունը և հավելել է, որ ախտանշանները մինչև այժմ դեռ չեն անցել»,նշել է բժշկի օգնական Ջեֆ Միլսը, որը նույնպես ներկա է եղել հանդիպմանը։
Արքայական ընտանիքի անդամները հանդիպման ընթացքում բուժաշխատողներին հավասար հետևել են վարակի տարածումից խուսափելու համար անվտանգության բոլոր կանոններին՝ այդ թվում և բժիշկներից պահել են սոցիալական հեռավորությունը։
Հիշեցնենք, որ արքայազն Չարլզի մոտ Covid-19 էր ախտորոշվել մարտի 25-ին։ Նա թեթև ախտանիշներ էր ունեցել և այդ ընթացքում շարունակել էր կատարել իր պարտականությունները։
Թագավորական աղբյուրները հայտնել են, որ նրա ինքնամեկուսացումը, «բժշկական ցուցումների համաձայն», տևել է յոթ օր։