Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Spotify հոսքային աուդիոծառայության հետ իր սեփական փոդքասթն ունենալու վերաբերյալ բացառիկ պայմանագիր է կնքել, որի շրջանակում կխոսի բանտային բարեփոխումների և Innocence նախագծի հետ համատեղ աշխատանքի մասին, գրում է Variety-ն։
39-ամյա Քարդաշյանը և հեռուստատեսային պրոդյուսեր Լորի Ռոտշիլդ Անսալդին փոդքասթը կվարեն միասին՝ Innocence բարեգործական կազմակերպության վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով, որն աշխատում է բանտային համակարգում սխալմամբ դատապարտված անձանց ազատ արձակելու ուղղությամբ։
Spotify-ի ներկայացուցիչը հաստատել է Քարդաշյանի և Լորի Ռոտշիլդ Անսալդիի հետ ընկերության գործարքը․ փոդքասթը հասանելի կլինի բացառապես Spotify հարթակում:
Նշենք, որ հայտնի աստղը ներկայում իրավաբանական կրթություն է ստանում։ 39-ամյա Քիմն ավելի վաղ հայտարարել էր, որ իրավաբանական կարիերա ունենալու երազանքն «իր հոգում փայփայել է երկար տարիներ» և միշտ ցանկացել է գնալ իր հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ուղով։