Պուտինը լրագրողներին ցույց է տվել, թե ինչ կա իր աշխատասենյակի դռներից այն կողմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ ցույց է տվել Կրեմլի առաջին մասնաշենքում գտնվող իր «գաղտնի» աշխատասենյակը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրի ղեկավարն այդ տարածքում հանրային հանդիպումներ չի անցկացնում, այդ իսկ պատճառով դրա դռները նախկինում լրագրողների համար փակ էին:

Պուտինը բացառություն է արել «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում տված հարցազրույցի ժամանակ, որից մի քանի կադր է ցուցադրվել Россия-1 հեռուստաալիքով: Պուտինը լրագրողների հետ հանդիպումն սկսել է այն աշխատասենյակում, որտեղ սովորաբար անցկացնում է հանդիպումներն ու խորհրդակցությունները:

Նա հայտնել է, որ դռներից այն կողմ ևս մի քանի սենյակ է գտնվում: «Այնտեղ ճաշասենյակն է և հանգստի սենյակը, բայց զգուշացնում եմ՝ ես այնտեղ ոչինչ չեմ պատրաստել, այնպես որ այնտեղ աշխատանքային միջավայր է: Դուք այստեղ հավանաբար չեք եղել»,- ասել է Կրեմլի ղեկավարը:

Նախագահի սեղանի մոտ մանկական նկարներ են տեղադրված եղել, որոնք նա նվեր է ստացել: Աշխատասենյակի պատին փակցված է Պետրոս Առաջինի դիմանկարը:

«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին» խորագրով հաղորդումը՝ Պուտինի հետ մի քանի հարցազրույցներով, ամբողջությամբ կցուցադրվի կիրակի: