Միխայիլ Եֆրեմովին լիովին մեղսունակ են ճանաչել

56-ամյա Միխայիլ Եֆրեմովը չի կարողանա բանտից խուսափել։ Համալիր հոգեբանա-հոգեբուժական դատական փորձաքննությունը դերասանին լիովին մեղսունակ է ճանաչել, հաղորդում է 360 հեռուստաալիքը:

Քննությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում։ Միխայիլ Օլեգովիչին զննել են հոգեբույժը, հոգեբանը և նյարդաբանը: Արդյունքում բժիշկները հանգել են այն եզրակացության, որ Եֆրեմովը գիտակցում է իր գործողությունների հետևանքները, այդ պատճառով չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից: Աղբյուրների տվյալներով՝ մասնագետները նշել են դերասանի «ընկճված վիճակում» լինելու մասին։ Սակայն, նա լիովին մեղսունակ է։

«Միխայիլը քաղաքավարի էր, իրեն կոռեկտ էր պահում, դեպրեսիվ վիճակում էր։ Թմրադեղերի կախվածությունը չի ժխտել, պատմել է կանոնավոր երկարատև հարբեցողությունների մասին։ Թե ինչ է տեղի ունեցել մահացու ավտովթարի երեկոյան, գրեթե չի հիշում»,- հայտնում է Mash հեռուստաալիքը։

Աղբյուրները նաև հայտնել են, որ եզրակացությունը տրվել է անմիջապես քննությունից հետո, առանց Եֆրեմովին հիվանդանոց ուղարկելու: «Ախտորոշումն ակնհայտ էր»,- պատմել է քննությանը ներկաներից մեկը: Դրանից հետո նրան տարել են տուն, որտեղ նա տնային կալանք է կրում։ Քննչական գործողությունները շարունակվում են։