Արքայազն Չարլզը Հայրերի օրվա կապակցությամբ ընտանեկան արխիվից լուսանկարներ է հրապարակել

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզը Հայրերի օրվա կապակցությամբ լուսանկարներ է հրապարակել երկու որդիների՝ արքայազն Ուիլյամի և արքայազն Հարիի հետ, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Ուիլյամի հետ լուսանկարը նախկինում երբեք չէր հրապարակվել:

Դրանում արքայազնը գրկել է 72-ամյա հորը, որն էլ գլուխը դրել է որդու ուսին: Ուշագրավ կադրն արվել է անցած տարվա դեկտեմբերին՝ Սանդրինգհեմում: Լուսանկարի հեղինակն արքայազն Ուիլյամի կինն է՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը:

Մինչդեռ մյուս լուսանկարում, որն արվել է 2004թ.՝ պոլոյի խաղի ժամանակ, արքայազն Չարլզը երկու որդիների հետ է:

Բացի այդ, արքայազն Չարլզը արխիվային կադրեր է հրապարակել հոր՝ Էդինբուրգի դուքսի հետ, ինչպես նաև հրապարակել է հարսի՝ Քեյթ Միդլթոնի և նրա հոր լուսանկարը:

Պարբերականը նկատում է, որ Հայրերի օրը համընկել է արքայազն Ուիլյամի ծննդյան օրվա հետ, ինչի կապակցությամբ նրա հայրը երկու նոր լուսանկար է հրապարակել: Դրանցում 38-ամյա երջանիկ Ուիլյամը խաղում է իր երեխաների հետ: