«Ոսկե գլոբուս 2021» մրցանակաբաշխության արարողությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է

«Ոսկե գլոբուս 2021» մրցանակաբաշխության արարողությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է։ Այս մասին ասվում է միջոցառման Twitter-ի պաշտոնական էջում։

Ավանդաբար արարողությունը տեղի է ունենում հունվարի սկզբին, սակայն կազմակերպիչները որոշել են «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման 78-րդ արարողությունն անցկացնել 2021 թվականի փետրվարի 28-ին։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ոսկե գլոբուս» 78-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 28-ին: Արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով»,- ասված է հաղորդագրությունում։

Հատկանշական է, որ ի սկզբանե այդ օրը նախատեսված էր անցկացնել «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Օսկար 2021»-ի արարողությունը տեղափոխվել է ապրիլ ամիս։