Մայքլ Ջեքսոնի դուստրը խոսել է հայտնի հայր ունենալու և մշտապես ուշադրության կենտրոնում գտնվելու դժվարությունների մասին (տեսանյութ)

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, իր կյանքի մասին պատմող հաղորդման շրջանակում խոսել է հայտնի հայր ունենալու և մշտապես ուշադրության կենտրոնում գտնվելու դժվարությունների մասին, գրում է Daily Mail-ը։

«Մարդիկ երբեմն մոռանում են, որ ես նույնպես մարդ եմ»,- հաղորդման թրեյլերում ասում է 22-ամյա երաժիշտը։

Փերիս Ջեքսոնը և նրա զուգընկերը՝ երաժիշտ Գաբրիել Գլենը, իրենց նոր նախագծում խոստանում են «հեռուստադիտողներին տեղափոխել անդրկուլիսյան աշխարհ, ազնվորեն խոսել իրենց կյանքում կարևոր թեմաների, ձեռքբերումների և դժվարությունների մասին»։

Թրեյլերը սկսվում է Մայքլ Ջեքսոնի հետ արխիվային տեսանյութով, որտեղ փոփի արքան իր աղջկան հարցնում է, թե նա ինչով է ցանկանում ապագայում զբաղվել, ինչին Փերիս Ջեքսոնը պատասխանում է․ «Ինչ դու ես անում»։

Թրեյլերում Փերիս Ջեքսոնը խոստովանում է, որ ընկերն է իրեն օգնել հաղթահարել իր բարդույթները և զբաղվել երաժշտությամբ։

«Նա հասկանում է այն ցավը, որի միջով ստիպված եմ եղել անցնել, և նաև օգնեց հասկանալ, որ հենց երաժշտությամբ զբաղվելու համար եմ ծնվել»,- ասել է երգչուհին։