ԱՄՆ-ում ավելի քան 300 սևամորթ դերասան և պրոդյուսեր Հոլիվուդին կոչ է արել վերջ տալ համակարգային ռասիզմին

ԱՄՆ-ում ավելի քան 300 սևամորթ դերասաններ և պրոդյուսերներ Հոլիվուդի առաջատար ներկայացուցիչներին կոչ են արել վերջ տալ համակարգային ռասիզմին: Այս մասին ասվում է Variety ամսագրում հրապարակված բաց նամակում։

Նամակի հեղինակներն ամերիկյան կինոարտադրությանը մեղադրում են «սպիտակամորթների գերազանցության խրախուսման», ինչպես նաև սևամորթ կինեմատոգրաֆիստների արտադրանքի «աշխարհում սահմանափակ վաճառքի մասին առասպելների» տարածման համար։

Նրանք նաև հայտարարել են, որ հաշվի առնելով քաղաքականության և մշակույթի վրա Հոլիվուդի մեծ ազդեցությունը՝ «ռասիզմը, խտրականությունը և կարիերայի աճին խոչընդոտելը, որոնց սևամորթները մշտապես բախվում են Հոլիվուդում, հետևանքներ են ունենում իրենց կյանքի մյուս բոլոր ոլորտների վրա»:

Արևմտյան երկրներում հակառասիստական զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները: