«Ունեմ նոր երգ և տեսահոլովակ»․ Լենա Ղազարյանը ստեղծագործական նորությունների և նոր ֆոտոշարքի մասին

Երգչուհի Լենա Ղազարյանն օրերս նոր ֆոտոշարք է ներկայացրել, որի կադրերը պարբերաբար հրապարակում է սոցցանցերի իր էջերում։ Ստեղծագործական առումով ևս երգչուհին անգործ չի մնում, Լենան այժմ աշխատում է նոր երգի և տեսահոլովակի վրա, որը ևս շատ շուտով կհանձնի իր երկրպագուների դատին։

ShowBiz.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց նոր ֆոտոշարքի ստեղծման գործընթացից, խոսեց իր կարանտինից և զբաղմունքներից, ինչպես նաև անդրադարձավ ստեղծագործական գործունեությանն ու սպասվող նորություններին։

«Ֆոտոշարքն իրականացրել ենք լուսանկարիչ Աննա Սուքիասյանի հետ համատեղ։ Ֆոտոշարքում կարևոր դեր ունի նաև դիմահարդարը՝ Գոգան, քանի որ ֆոտոշարք իրականացնելը հենց նրա նախաձեռնությունն էր, նա ինձ առաջարկեց իր հետ համագործակցել ու ունենալ գեղեցիկ մեյքափներով լուսանկարներ, ես էլ սիրով համաձայնվեցի։ Նկարահանումներն իրականացրել ենք մոտավորապես մեկ ամիս առաջ, հետո լուսանկարները ենթարկվել են մշակման և արդեն դրանց մի մասը հրապարակվել է իմ էջում»,- պատմում է երգչուհին։

Իսկ լուսանկարվել Լենան առհասարակ շատ է սիրում․ «Դա էլ միշտ լավ առիթ է հանդիսանում, որ ես կարողանամ հաճախ պրոֆեսիոնալ ֆոտոներ ներկայացնել։ Եվ եթե ոչ պրոֆեսիոնալ, ապա գոնե հեռախոսով արված նկարներ բավականին հաճախ եմ հրապարակում իմ էջերում»։

Երգչուհին արդեն հասցրել է վերադառնալ իր սովորական առօրյային և այժմ ավելի հաճախ է դուրս գալիս զբոսնելու Երևանի փողոցներով․«Նաև սիրում եմ ժամանակ անցկացնել սրճարաններում։ Հիմա հիմնականում այցելում ենք բացօթյա տարածքներ՝ իրավիճակից ելնելով, բայց ամեն դեպքում չեմ բողոքում, քանի որ այսպես շատ ավելի լավ է, քան երբ տանը փակված էիր»։

Կարանտինային առօրյային և հիմնական զբաղմունքներին անդրադառնալիս Լենան նշեց, որ կարանտինի ընթացքում նա երկու շաբաթ ինքնամեկուսացված է եղել, քանի որ վերադարձել էր Եվրոպայից ու անվտանգությունից ելնելով՝ այդ ընթացքում բացարձակ շփում չի ունեցել դրսի աշխարհի հետ։  «Իհարկե, տան պայմաններում եմ անցկացրել այդ 14 օրը, քանի որ ջերմություն չեմ ունեցել, բայց չափազանց ձանձրալի օրեր եմ անցկացրել։ Այս ընթացքում ավելի շատ սկսել եմ սոցցանցերում ակտիվանալ, քանի որ զբաղմունքի այլ տարբերակ չէի գտնում»,- կիսվում է Լենա Ղազարյանը։

Տան պայմաններում կազմվածքին հետևելու և խնամված տեսք ունենալու համար երգչուհին իր միջոցներն ու տարբերակներն ունի․ «Ես առհասարակ առանց խնամվելու տանից դուրս չեմ գալիս ու տանն էլ աշխատում եմ միշտ պատշաճ տեսք ունենալ, քանի որ եթե ես ինձ նայեմ հայելու մեջ ու տեսքս այն չլինի, ինձ շատ վատ կզգամ։ Շատ եմ սիրում, երբ մազերս գեղեցիկ հարդարված են լինում, եթե հարդարված էլ չէ, ապա գոնե ինչ-որ մի հետաքրքիր ձևով կապված։ Ես նաև սիրում եմ կազմվածքիս հետևել, ճիշտ է՝ հիմա մի քիչ գիրացել եմ, բայց շատ քիչ, մարդիկ անգամ չեն էլ նկատում,  սակայն ես նկատում եմ, քանի որ ավելորդ կիլոգրամների հարցը ինձ շատ է տանջում։ Այնպես որ՝ փորձում եմ կազմվածքս պահպանել սնվելով այնպիսի ուտելիքներով, որոնք չեն ազդում քաշի ավելացման վրա, ինչպես նաև ամեն օր պարտադիր զբոսնում եմ եկեղեցու բակում։ Ես նաև մարզասրահ էի հաճախում, բայց իրավիճակից ելնելով և հետևելով անվտանգությանը, այժմ չեմ հաճախում մարզասրահներ»։

Երգարվեստում ևս նորություններ են սպասվում Լենայի կողմից։ «Ասեմ, որ նոր եմ վերադառնում ստուդիայից, ունեմ նոր երգ, որի տեսահոլովակը, իրավիճակով պայմանավորված, նկարահանվել է հենց ստուդիայում։ Ամենայն հավանականությամբ, այն արդեն լսարանին կներկայացնեմ մյուս ամսվա կեսերին։ Ունեմ չորս երգ, որոնք պիտի արդեն գործիքավորում ունենան, այնպես որ ես պարապ չեմ մնում այս ընթացքում, գնել եմ մի քանի երգ, որոնց վրա հիմա աշխատանքներ են ընթանում»,- մանրամասնում է երգչուհին։

Ամառվա և հանգստի հետ կապված Լենան ևս պլաններ է ունեցել․«Նախատեսել էի ԱՄՆ կամ Սոչի մեկնել հանգստանալու, բայց, ինչպես տեսնում եք, դրանք ջուրն ընկան։ Իսկ Հայաստանում որևէ տեղում հանգստանալու մտքեր դեռևս չունեմ»։

Կարանտինի ընթացքում ակտիվ լինելով օնլայն հարթակում՝ երգչուհին իր հետևորդների հետ միասին փորձել է հետաքրքիր դիետաների տարբերակներ գտնել, և ըստ նրա՝ դա ստացվել է․ «Նաև մի քանի անգամ ուղիղ երթերներ եմ անցկացրել, որը ևս շատ լավ է ընդունվել, քանի որ մինչև այժմ էլ նամակներ եմ ստանում, որոնցում ինձ հարցնում են, թե երբ է լինելու իմ հաջորդ օնլայն «համերգը»»,- պատմում է Լենան, ապա հավելում, որ ազատ ժամանակն անցկացնում է նաև խոհանոցում՝ ինչ-որ բաներ պատրաստելով․ «Ես առհասարակ շատ լավ եմ պատրաստում, դա իմ ընկերները կփաստեն։ Ես սիրում եմ համեղ ուտելիքներ, դրա համար էլ փորձում եմ ինքս էլ դրանից գլուխ հանել։ Եվ առհասարակ կենցաղում էլ փորձում եմ ամեն ինչում էլ օգտակար լինել»։

Կարանտինի ընթացքում Լենան ամենաշատը կարոտել է ընկերներին և նրանց հետ շփմանը, սակայն միևնույն ժամանակ հավելում է․ «Բայց կարանտինի առաջին օրերից էլ նրանց հաճախակի տեսել եմ, իհարկե, հանդիպումները կազմակերպել ենք անվտանգ միջավայրում կամ թեկուզ միայն դրսում զբոսնելով, բայց ամեն դեպքում կապը միշտ պահել ենք, ինչի մասին ևս սոցցանցերը կփաստեն»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան