«Գահերի խաղի» հեղինակը հայտնել է նոր գրքի հրատարակման ժամկետները

Ժամանակակից ամերիկացի գրող Ջորջ Մարտինը հայտնել է «Գահերի խաղը» սերիալի սյուժեի հիմքում ընկած «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի նոր՝ 6-րդ մասի հրատարակման ժամկետները:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով հեղինակի բլոգին, գիրքը լույս կտեսնի ոչ շուտ, քան 2021 թվականի ամռանը: Մարտինը հայտնել է, որ ներկայումս գտնվում է «խրճիթում՝ լեռներում», և միջավայրը նպաստում է ստեղծագործական գործընթացին:

«Հարկադիր մեկուսացումն օգնում է ինձ գրել: Ամեն օր երկար ժամեր եմ անցկացնում «Ձմռան քամիներ» ստեղծագործության վրա: Դա մեծ գիրք է լինելու, և ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու»,- իր բլոգում գրել է Մարտինը:

«Ձմռան քամիները» պետք է դառնա «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի նախավերջին մասը: Երկրպագուները գրքի հրատարակմանը սպասում էին դեռևս 2014-15 թվականներին, սակայն հեղինակն անընդհատ հետաձգում էր աշխատանքն այդ գրքի վրա: