Wing 21-ը՝ Գոշի հետ համատեղ աշխատանքի և ապագա ծրագրերի մասին

Եթե Ինստագրամի էջ ունես ու ակտիվ օգտատեր ես, ուրեմն հաստատ լսած կլինես Wing 21 կեղծանվամբ հանդես եկող Մարիաննա Քոքչյանի մասին։ Մասնագիտությամբ հեռուստամեկնաբան-լրագրող Մաշը հանդես է եկել նաև մի շարք հումորային նախագծերում, բացի այդ հեռուստադիտողը գեղեցկուհուն տեսել և ճանաչում է որպես մի քանի հեռուստահաղորդումների հաղորդավար։
Այս շրջանում Մաշը դերասան Գոշի հետ համատեղ հանդես է գալիս «Կարճ ասած» նախագծում, որը շատ է սիրվել ինստագրամյան հետևորդների կողմից։ Նախագծի օնլայն բոլոր թողարկումները հրապարակվում են Մաշի ինստագրամյան էջում։
Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանուհին պատմում է, որ նախագծի մտահաղացումն առաջացել է Գոշի մոտ։

«Առաջարկը Գոշից ստացա, ես բնականաբար ողջունում եմ յուրաքանչյուր նոր, լավ գաղափար։ Զգում էի, որ հաջողություն կունենա։ Որոշեցինք և արեցինք։
Նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում, քանի որ փորձում ենք հնարավորին չափ ռեալիթի ֆորմատով անել․ իմ տեսարանները մեր տանն են արվում, Գոշի տեսարանները՝ իր տանը։
Նախագիծը մենք արել ենք հենց օնլայն հարթակի համար, որովհետև շուկան բաց է, իսկ կոնտենտը լրացնողները քիչ են։ Որոշեցինք նորություն անել։ Եթե հեռուստատեսությունը ողջունի մեր արած գործը, գուցե ընթացք տանք։ Նախագիծը ներառում է 12 սերիա, իսկ կլինի երկրորդ եթերաշրջան, թե ոչ, դեռ չեմ կարող ասել»,- պատմում է Մաշը։

Գեղեցկուհին նաև խոստովանում է, որ Գոշի հետ աշխատանքն այդքան էլ հեշտ չի, քանզի իրենք երկուսն էլ բավականին պահանջկոտ են․«Երկուսս էլ շատ պահանջկոտ ենք, միասին անընդհատ կոմպրոմիսի ենք փորձում գալ, հեշտ չի, բայց գնալով սովորում ենք։ Պրոֆեսիոնալ ենք ամեն բան անում, չենք հարմարվում, եթե պետք լինի մեկ դուբլից հարյուր անգամ կանենք, որպեսզի լավ ստացվի»,- նշում է նա։

Խոսելով նկարահանման ընթացքում պատահած հետաքրքիր դեպքերի մասին Մաշը պատմում է․ «Օրինակ վերջին նկարահանման ժամանակ ես ունեի տեսարան, որտեղ պետք է թան լիներ ամբողջ բերանս, մի քանի դուբլ փորձել ենք, պատկերացրեք՝ ինչ էր կատարվում։ Երկար են ընթանում նկարահանումները, 1-2 ժամ չեն տևում, մի ամբողջ օրը տրամադրում ենք, որպեսզի ունենանք լավ արտադրանք»։

Մաշը նաև Showbiz.am կայքին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը, որտեղ հանդես է եկել նոր ոճով։ Մշտապես կարճ սանրվածքով մոդելն այս անգամ զարմացրել է երկրպագուներին՝ ներկայանալով չափազանց երկար վարսերով։

«Մինչև վերջին պահը չէի ցանկանում արհեստական մազերը դնել, բայց համոզեցին ու համաձայնվեցի»,- հիշում է Մաշն ու հավելում, որ առաջարկը ստացել էր իր վաղեմի ընկերոջ՝ լուսանկարիչ Ջոնի կողմից, ում համար սա նույնպես նորություն էր։
«Ծնվեց գաղափար անել գեղեցիկ ֆոտոշարք ստուդիայում, նրա համար դա նոր ֆորմատ էր, որովհետև ինքն աշխատում է միայն streetstyle ոճում։ Ես սիրով համաձայնեցի, որովհետև սիրուն ձեռագիր ունի Ջոնը»,-ասում է մոդելը։

 

Խոսելով ոճի մասին՝ Մաշը նաև փոքրիկ գաղտնիք է բացահայտում՝ ասելով, որ գուցե շուտով դիմի կտրուկ ոճափոխության։
«Ես իմ սանրվածքը սիրում եմ, բայց գուցե ոճափոխության դիմեմ, քանի որ շուտով՝ օգոստոսին, սկսվելու են «Դեպի ճամբար» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները։ Եթե դիմանամ՝ չկտրեմ, ոճափոխություն կանեմ։ Փորձում եմ, որքան հնարավոր է հաճախ նորություններ անել, որպեսզի մարդկանց աչքին հաճելի լինի, չձանձրանան»,- ժպիտով հավատացնում է դերասանուհին։
Ինչ վերաբերում է կարանտինին՝ Մաշը նկատում է, որ այն վատ անդրադարձավ մարդկանց վրա։ Նա պնդում է, որ մարդիկ դարձել են ավելի նյարդային, անհանդուրժող միմյանց նկատմամբ։
Սակայն դերասանուհին նշում է նաև կարանտինի ունեցած դրական ազդեցությունն իր կյանքում՝ ասելով․ «Կարանտինի շնորհիվ հանգստացա, հասկացա, որ ինձ պետք էր տանը մնալը, ինձ նոր շունչ եկավ»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան