Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն այցելել են հացաբուլկեղենի արտադրամաս և տարեցների համար ուտեստներ պատրաստել (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, երեկ Լոս Անջելեսում այցելել են Homeboy Industries կազմակերպության հացի փուռ և միանալով մի խումբ մասնակիցների՝ տարեցների համար ուտեստներ են պատրաստել, գրում է Daily Mail-ը։

Homeboy Industries-ն Ինստագրամում հրապարակել է զույգի լուսանկարները՝ տեղեկացնելով նրանց այցի մասին։

«Շնորհակալություն Հարիին և Մեգանին՝ Սասեքսի դուքսին և դքսուհուն, երեկ մեր սրճարանների և հացի փռի թիմերի հետ աշխատելու և մեզ այցելելու համար»,- ասված է հրապարակման մեջ։

«Մեր աշխատակիցները շատ ուրախ էին աշխատել նրանց հետ։ Նրանք մեր աշխատակիցներին օգնել են սնունդ պատրաստել և ծանոթացել են մեր նախաձեռնած FeedHOPE ծրագրին, որի շրջանակում մասնակիցները Լոս Անջելեսում ապրող անապահով և կորոնավիրուսի համավարակից տուժած տարեցների և երիտասարդների համար սնունդ են պատրաստում»,- նշված է գրառման մեջ։

Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է զույգը խմոր հունցում և դասավորում սննդի փաթեթները։