Ինչո՞ւ է Սիրուն Սոնայի դերում Ժաննա Վելիցյանին փոխարինել Շուշաննա Թովմասյանը․այս և մնացած հետաքրքիր մանրամասների մասին պատմում է Ելենա Արշակյանը

Ավարտին մոտեցավ ԱTV հեռուստաընկերության «Սիրուն Սոնա» նախագիծը։ 126 մասանոց հեռուստասերիալի վերջին երկու սերիան եթերում կլինեն այսօր՝ հունիսի 26-ին:

Բարձր վարկանիշ ունեցող նախագծի ավարտի, հետաքրքիր բացահայտումների, նկարահանումների ընթացքի, նոր հեռուստանախագծի և այլնի մասին ShowBiz.am-ը զրուցել է նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ։

«Սիրուն Սոնայի» նկարահանումները սկսելիս Ելենա Արշակյանը հայտնել էր, որ վերջին օրը որոշել է փոխել գլխավոր հերոսուհու դերակատարին և ընտրել է Շուշաննա Թովմասյանին։ Վերջինս սցենարին ծանոթացել էր նկարահանման նախորդ գիշերը։ Այն ժամանակ նա չէր բացահայտել, բայց ի սկզբանե Շուշաննայի փոխարեն գլխավոր դերը պետք է խաղար Ժաննա Վելիցյանը։ «Դա գալիս է իմ վատ բնավորությունից, ես մինչև վերջին րոպեն կարող եմ դերասաններ փոխել։ Այսինքն դերասանը կարող է հաստատված լինել տվյալ դերում, գալ փորձերին ու նկարահանումներին, բայց վերջնական արդյունքը ստանալու համար ես մինչև վերջին րոպեն կարող եմ դերասանի փնտրտուքի մեջ լինել, ու եղել են դեպքեր, երբ արդեն նկարահանված սերիայում դերասան է փոխվել։ Այնպես որ սա առաջին դեպքը չէր։ Ես Ժաննային տեսել եմ այդ կերպարում, որ տվել եմ դերը, ուղղակի երբ որ արդեն ընթանում էին փորձերը, և Ժաննան գալիս էր նկարահանումներին, ես հասկացա, որ պետք է փոփոխություն կատարվի ու Ժաննայի դերն ուղղակի փոխվեց, նրան մեկ այլ դեր առաջարկվեց, իսկ Շուշաննա Թովմասյանը ստացավ Սոնայի դերը։ Ընդամենը դերակատարներին փոխեցինք։ Ես Ժաննային շատ սիրում եմ՝ որպես դերասանուհի»,- ըստ Ելենայի՝ ահա թե ինչով է պայմանավորված եղել դերասանների փոփոխությունը։

Չնայած կարանտինին ու երկրում առկա վարակվածության բարձր մակարդակին՝ բոլոր դերասանները միշտ պարտաճանաչ ներկայացել են նկարահանումներին․«Որովհետև օրենքը մեզ թույլ էր տալիս աշխատել։ Եվ, փառք Աստծո, նախագիծն արդեն ավարտվել է, և մենք չունենք ոչ մի վարակակիր, քանի որ խստագույնս պահպանվել են բոլոր կանոնները, բոլոր դերասանները կարող են փաստել դա։ Մենք մի որոշ ժամանակ ընդհատեցինք նկարահանումները, բայց եթերից չենք բացակայել ու հետո նորից վերադարձանք և շարունակեցինք մեր նկարահանումները»։

Ի սկզբանե որոշված չի եղել` Սոնայի սիրային գիծը կշարունակվի Մելիքի՞ (Նորայր Եղյան), Խորենի՞ (Էդգար Իգիթյան), թե՞ Բագրատի (Խոսրով Նալբանդյան) հետ։ Մենք հետաքրքրվեցինք, թե կողմնորոշվելու հարցում ի՞նչն է դեր խաղացել և արդյո՞ք հեռուստադիտողն այդ հարցում իր գործոնն ունեցել է, թե՝ ոչ։ «Տեսեք՝ ես շատ սիրում եմ իմ հեռուստադիտողին և գրեթե միշտ կարդում եմ իրենց մեկնաբանությունները նախագծի մասին, բայց նույն հեռուստադիտողը ինձ մինչև այսօր էլ շարունակում է գրել և ասել, թե ինչքան են ափսոսում Մելիք-Սոնա զույգի համար։ Ես կասեի, ոչ թե հեռուստադիտողն է օգնել, այլ սյուժետային գծի զարգացումն այնպես է ընթացել, որ մեր սցենարի հեղինակը որոշել է, որ այն պիտի այսպիսի ընթացք ստանա»։

Այս նախագծի կարևորության և առանձնահատկության մասին խոսելիս Ելենան նշեց․ «Ես չեմ կարող այն առանձնացնել, որովհետև արդեն քսանից ավելի նախագծեր ունեմ իրականացրած և իրենցից յուրաքանչյուրը ֆանտաստիկ թանկ է ինձ համար։ Այն ինչը, որ եղավ այս նախագծում, չի լինի բնականաբար հաջորդում, որովհետև այստեղ ես աշխատեցի նոր դերասանների հետ ու այն, ինչը լինում է մի նախագծում, երբեք չի կրկնվում մյուսում, այն էմոցիաները և զգացմունքները, որոնք քեզ տալիս է այս մեկը, հաջորդը երբեք չի տա, քանի որ յուրաքանչյուրն ունի իր ասելիքն ու առանձնահատկությունները»։

Հեռուստասերիալն ունի բարձր վարկանիշ, ինչը կարող էր շատ լավ առիթ հանդիսանալ նախագիծը շարունակելու համար, սակայն․ «Իհարկե, կոմերցիոն տեսակետից շատ լավ առիթ էր, բայց քանի որ հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Արամյանի հետ նախապես ունեինք պայմանավորվածություն, և մենք նախագիծը սկսելիս արդեն իսկ հայտնել էինք վերջնաժամկետի մասին, ուղղակի կոնկրետ օրը չէինք նշել, մենք ավարտեցինք այն ժամկետների մեջ, որն արդեն իսկ հայտնի էր,ու խաբել մեր հեռուստադիտողին ազնիվ չէր լինի մեր կողմից»։

Դերասանների հետ աշխատանքի մասին խոսելիս Ելենան ասաց, որիրենք աշխատում են իրենց գործում պրոֆեսիոնալ մասնագետների հետ․«Եթե մարդը պրոֆեսիոնալ չէ, ուրեմն մեր անձնակազմում տեղ չունի, այդ իսկ պատճառով ցանկացած մասնագետ, կլինի դերասան, օպերատոր, թե նկարիչ, եթե նա իր գործի գիտակն է, անախորժություններ չեն կարող լինել, որովհետև մեզնից յուրաքանչյուրը գալիս է նկարահանման հրապարակ իր գործը կատարելու, այդ թվում նաև ես»,- պատմում է պրոդյուսերն, ապա անդրադառնում նկարահանումների ընթացքին․ «Իսկ ինչ վերաբերվում է հետաքրքիր դեպքերին, որոնք տեղի են ունեցել նկարահանումների ընթացքում, ապա ամեն օր էլ հետաքրքիր դեպք է եղել և որևիցե մեկը այս պահին առանձնացնել չեմ կարող, որովհետև այն պայմաններում, որում մենք ենք աշխատել կորոնավիրուսյան օրերին, անհետաքրքիր չէր կարող անցնել։  Եվ առհասարակ ոչ միայն մեր, այլ այն բոլոր նկարահանող խմբերը, որոնք շարունակել են աշխատել այս օրերին, ես կարծում եմ, որ իրենք ահռելի աշխատանք են արել, որ պահել են եթերը՝ չվախենալով համավարակից։ Կամ այնքան գրագետ ու ճիշտ են արել իրենց աշխատանքը, որ իրենց մոտ վարակվելու դեպքեր չեն եղել։ Այնպես որ հեռուստատեսության աշխատողներին առանձնահատուկ շնորհակալ եմ, որ իրենք էլ իրենց մասնագիտական աշխատանքն են բարձր որակով կատարել»։

Ելենա Արշակյանի և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի նոր նախագիծը հեռուստադիտողին երկար սպասեցնել չի տա․ «Ասեմ, որ այս նախագծի նկարահանումները դեռ չավարտած, մենք արդեն գիտեինք մեր գալիք ծրագրերի մասին ու անում էինք դրա հետ կապված աշխատանքներ։ Այնպես որ մենք արդեն սկսել ենք մեր աշխատանքները, քասթինգն արդեն հայտարարել ենք, փնտրում ենք նոր դեմքերի։ Ես միշտ եմ ցանկություն հայտնել իմ նախագծերում տեսնել նոր դեմքերի և աշխատակիցների, ու միգուցե իրենք այս հարցազրույցը տեսնելով՝ իմանան դրա մասին ու ցանկություն հայտնեն մեզ հետ համագործակցելու»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան