Փարիզի կինոթատրոններից մեկը մարդկանց միջև սոցիալական հեռավորությունը պահպանում է մինյոնների օգնությամբ

Աշխարհի բազմաթիվ երկրներ աստիճանաբար վերացնում կամ մեղմացնում են կորոնավիրուսային համավարակի ֆոնին սահմանված սահմանափակումները: Միևնույն ժամանակ անվտանգության միջոցառումների, այդ թվում նաև՝ սոցիալական հեռավորության պահպանումը պարտադիր նախապայման է:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Ֆրանսիայում երկուշաբթի օրվանից վերաբացվել են կինոթատրոնները, և որպեսզի այցելուներն իրար չափազանց մոտ չնստեն, կինոթատրոններից մեկի տնօրինությունը որոշել է դիմել հայտնի մուլտհերոսների՝ մինյոնների օգնությանը:

Խոսքը Փարիզի հարավում գտնվող MK2 կինոթատրոնի մասին է: Դրա կինոդահլիճներում փափուկ մինյոններն այնպես են դասավորված նստատեղերին, որ մարդիկ ֆիլմ դիտելիս իրարից գտնվում են ապահով հեռավորության վրա:

Աղբյուրը նկատում է, որ մինյոնները ոչ միայն անվտանգ միջավայր են ստեղծում, այլև իրենց ներկայությամբ ավելի ուրախ են դարձնում մթնոլորտը: